Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ ԿԲ նախագահն արձանագրել է 2025 թ․-ին ՀՆԱ-ի աճի արագացում և հարկային եկամուտների ավելացում

Այսօր, 15:05
Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականին արագացել է, իսկ հարկային եկամուտներն ավելացել են, հայտարարել է ԿԲ նախագահը
ՀՀ ԿԲ նախագահն արձանագրել է 2025 թ․-ին ՀՆԱ-ի աճի արագացում և հարկային եկամուտների ավելացում

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականին արագացել է, իսկ հարկային եկամուտներն ավելացել են, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը պատրաստելիս Կենտրոնական բանկը հիմնվել է երեք հիմնական մոտեցումների վրա. միջնաժամկետ հեռանկարում պետական պարտքի կայունության գնահատում, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածություն, ինչպես նաև դրա ազդեցությունը երկարաժամկետ տնտեսական աճի վրա։

«2025 թվականի ընթացքում, մասնավորապես չորրորդ եռամսյակում, Հայաստանում տնտեսական աճն արագացել է։ Տարվա արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 7,2%, ինչը շուրջ 2 տոկոսային կետով գերազանցել է կառավարության կողմից նախանշած ցուցանիշը», - հայտարարել է Գալստյանը։

Միևնույն ժամանակ, գլխավոր դրամատան ղեկավարը նշել է, որ աճը կրել է կայուն երկարաժամկետ բնույթ և եղել է տնտեսության պոտենցիալ մակարդակից բարձր։

«Տնտեսական աճին հիմնական նպաստումը շարունակել են ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտները։ Դրա հետ մեկտեղ պահպանվել է աճի բարձր կենտրոնացվածությունն առանձին ճյուղերում, ինչպես նաև մի շարք կարճաժամկետ գործոնների ազդեցությունը», - նշել է Գալստյանը։

ԿԲ նախագահը ընդգծել է, որ այս պայմաններում գնաճը որոշակիորեն արագացել է. դա հիմնականում պայմանավորված է եղել արտաքին հատվածից եկող գնաճային ազդեցությամբ, ներքին պահանջարկի ընդլայնմամբ և մի շարք ժամանակավոր գործոնների ազդեցությամբ։

Արդյունքում, 2025 թ․-ի դեկտեմբերին տարեկան գնաճը ձևավորվել է 3,3% մակարդակում՝ մոտենալով թիրախային ցուցանիշին։

«Հարկաբյուջետային քաղաքականությունը 2025 թվականին, պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրին համապատասխան, ուղղված է եղել ներդրումների մակարդակի բարձրացմանը, ինչը նպաստում է երկրի տնտեսական պոտենցիալի աճին՝ պետական պարտքի կայունացման սկզբունքի պահպանմամբ։ Տնտեսական աճի արագացումը դրական է անդրադարձել հարկային մուտքերի վրա։ Հարկային եկամուտները 2024 թվականի համեմատ աճել են շուրջ 14%-ով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացել է 0,6 տոկոսային կետով՝ կազմելով 24,1%», - ասել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ ծախսային քաղաքականությունը 2025 թ․-ին նույնպես պահպանել է շեշտադրումը կապիտալ ծախսերի ավելացման վրա։ Արդյունքում պետական բյուջեի ծախսերն էապես աճել են, իսկ դրանց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ավելացել է 2,6 տոկոսային կետով՝ հասնելով 29,2%-ի։

«Միաժամանակ, չնայած պահպանվող մարտահրավերներին ու անորոշություններին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համակարգվածության շնորհիվ 2025 թվականին հաջողվել է ապահովել երկրում մակրոտնտեսական կայունությունը», - նշել է Գալստյանը։