Մանասերյան․ Ամուլսարը, ԱԲ կենտրոնը և «Թրամփի ուղին» չեն ապահովի Հայաստանին տնտեսության 5% աճը
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Խոշոր ներդրումային նախագծերը, ինչպիսիք են Ամուլսարի հանքավայրի շահագործումը, արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնի կառուցումը և «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը, դրական ազդեցություն ունենան Հայաստանի տնտեսության վրա, սակայն ինքնին չեն կարող ապահովել կայուն տնտեսական աճ մոտ 5%-ի մակարդակում, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
«Անշուշտ, Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը, արհեստական բանականության խոշոր տվյալների կենտրոնի կառուցումը և «Թրամփի ուղի» նախագծի իրականացումն ունակ են դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։ Դրանք կարող են ապահովել օտարերկրյա ներդրումների ուղիղ հոսք, ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել հարկային մուտքերը, ընդլայնել արտահանման հնարավորությունները և խթանել հարակից ենթակառուցվածքների զարգացումը», - «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մանասերյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման նախագծերի ազդեցությունն ի հայտ է գալիս աստիճանաբար։
Մեկնաբանելով Fitch-ի կանխատեսումները միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական աճը մոտ 5%-ի մակարդակում պահպանվելու վերաբերյալ՝ Մանասերյանը հայտարարել է, որ դրանց վերաբերվում է թերահավատորեն։
«Իշխանությունների ներկայիս քաղաքականության պայմաններում ես նման կանխատեսումը բավականին թերահավատորեն եմ գնահատում», - ասել է նա։
Նրա խոսքով՝ տնտեսության կայուն աճն անհնար է առանց աշխատանքի արտադրողականության բարձրացման, արտահանման ներուժի ընդլայնման, արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացման և բարձր ավելացված արժեքով արտադրանքի մասնաբաժնի ավելացման։
«Մոտ 5%-ի մակարդակում կայուն աճի համար անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլև աշխատանքի արտադրողականության աճ, արտահանման ներուժի ընդլայնում, արդյունաբերության տեխնոլոգիական մակարդակի բարձրացում և բարձր ավելացված արժեքով արտադրանքի մասնաբաժնի ավելացում», - նշել է տնտեսագետը։
Նա ընդգծել է, որ գլխավորապես սպառման, շինարարության կամ ժամանակավոր գործոնների վրա հիմնված աճը չի կարելի կայուն համարել երկարաժամկետ հեռանկարում։
Մանասերյանը խոսել է նաև Հայաստանի արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հարցի շուրջ։ Նրա խոսքով՝ Եվրամիության և այլ երկրների հետ առևտրի զարգացումն անհրաժեշտ է, սակայն դա չպետք է տեղի ունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին։
«Նույնիսկ աշխարհի խոշորագույն տնտեսությունները, չնայած քաղաքական տարաձայնություններին և պատժամիջոցներին, շարունակում են պահպանել որոշակի տնտեսական կապեր Ռուսաստանի հետ՝ առաջնորդվելով նախևառաջ սեփական ազգային շահերով։ Ինչո՞ւ փոքր Հայաստանը պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ առևտրից և տնտեսական համագործակցությունից», - հայտարարել է նա։
Մանասերյանի կարծիքով՝ նույնիսկ մի քանի մասշտաբային նախագծերի իրականացումը չի կարող ինքնուրույն ապահովել տնտեսության երկարաժամկետ աճը։
«Ո՛չ։ Նույնիսկ մի քանի խոշոր ներդրումային նախագծեր ունակ չեն ապահովել նման աճ։ Տնտեսությունը պետք է զարգանա հավասարակշռված։ Միայն համախառն ներքին արդյունքի կայուն կառուցվածքի ձևավորման դեպքում կարելի է ակնկալել երկարաժամկետ տնտեսական աճ։ Առայժմ, իմ կարծիքով, դա տեղի չի ունենում», - եզրափակել է փորձագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ հղումով։