«Արարատցեմենտ»-ի պետական կառավարիչը կնշանակվի հուլիսին․ Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Արարատցեմենտ» գործարանի կառավարիչը կնշանակվի հուլիսի ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով, Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշել է, որ ավելի վաղ «Արարատցեմենտ»-ը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։
Մինչ կառավարչի նշանակումը, նախարար Պապոյանը «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներին կոչ է արել բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, որպեսզի աշխատանքից ազատման, ինչպես նաև օրենսդրությանը համապատասխան վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չառաջանան։
«Բոլոր այն աշխատակիցները, ովքեր իրենց գործի մասնագետն են և բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, կշարունակեն աշխատել»,- հավաստիացրել է Պապոյանը։
Գործարանի մասին
«Արարատցեմենտ»-ը ներառված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» հոլդինգի մեջ:
Վերջին տարիներին «Արարատցեմենտ»-ը բազմիցս հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ քննությունների և դատական գործընթացների հետ կապված։ 2026 թ.-ի հուլիսին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը ձեռնարկությունը պետության կառավարմանը հանձնելու վերաբերյալ։
Ավելի վաղ Ծառուկյանի փաստաբանը հայտարարել էր, որ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատական այդ որոշումը և այն համարում է քաղաքականապես մոտիվացված։
Ծառուկյանը հուլիսի 7-ից գտնվում է երկամսյա կալանքի տակ՝ խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման քրեական գործի շրջանակում։