Рейтинг@Mail.ru
USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հունիսի սկզբից Հայաստանից արտահանվել է ավելի քան 7,6 հազ. տոննա ծիրան. Պապոյան

Այսօր, 14:37
Այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7654 տոննա ծիրան, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Հունիսի սկզբից Հայաստանից արտահանվել է ավելի քան 7,6 հազ. տոննա ծիրան. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7654 տոննա ծիրան (ավելի քան 380 մեծ բեռնատար), հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արտահանման աշխարհագրությունը շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չունենք, չունենք նաև Պորտուգալիա արտահանում, հետևաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի»,- Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է Պապոյանը։

ՌԴ-ում հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների մասին

Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծագման և առաքման բոլոր կարանտինային արտադրատեսակների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Ջերմուկ» հանքային ջուրը, ծաղկային արտադրանքը, ալկոհոլային խմիչքները, բանջարեղենը, մրգերն ու կանաչին, ինչպես նաև ձուկն ու ձկնամթերքը։

«Ռոսսելխոզնադզորը» որոշումը բացատրել է Հայաստանից ստացվող բուսական ծագման արտադրանքում և ծաղիկներում կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերմամբ։ Սահմանափակումների ֆոնին Հայաստանն ընդլայնել է այլընտրանքային շուկաներում արտահանողների աջակցությունը՝ փոխհատուցելով տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի մի մասը դեպի ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա մատակարարումների դեպքում։ Հուլիսի 2-ին կառավարությունը երկարաձգել է արտահանման պետական աջակցության ծրագիրը 2026 թվականի հուլիսի համար՝ սուբսիդավորվող արտադրանքի ցանկում ներառելով թարմ ու չորացրած մրգերն ու բանջարեղենը, առանձին սննդամթերքներ և ըմպելիքներ, ինչպես նաև իշխանն ու թառափը։