Հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում ֆիզիկական անձանց մաքսային ձևակերպումները կպարզեցվեն
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. 2025 թվականի հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը կիրականացվի մեկ վայրում, մասնավորապես, այն ժամանակավոր պահպանման պահեստի սպասարկման սրահում, որտեղ փաստացի գտնվում են տվյալ ապրանքները։
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից՝ հիշեցնելով, որ մինչև 2025 թ.-ի հոկտեմբերի 1-ը, բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքները ձևակերպելու համար, քաղաքացիները նախևառաջ պետք է այցելեն ապրանքների գտնվելու մաքսային պահեստ՝ ուղեկցող փաստաթղթերը բեռնափոխադրողից ստանալու համար, այնուհետև՝ քաղաք Երևան, Ծովակալ Իսակով 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ՝ մաքսային ձևակերպումն իրականացնելու համար։
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այս ամենից հետո քաղաքացիները կրկին պետք է այցելեն մաքսային պահեստ` ապրանքները փաստացի ստանալու համար, իսկ 2025 թ.-ի հոկտեմբերի 1-ից սկսած այլևս տարբեր վայրեր այցելելու անհրաժեշտություն չկա։