Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացրել է կարկտահարությունից տուժած բոլոր հաճախորդների վարկերի պայմանների վերանայում

16.07.2013, 16:33
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը որոշում է ընդունել սեփական շահույթի հաշվին մայիսի 12–ին կարկտից տուժած Արմավիրի և Արագածոտնի մարզերի իր 1037 հաճախորդների վարկային պարտավորությունների բազմակողմանի վերակազմավորում կատարել։
«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացրել է կարկտահարությունից տուժած բոլոր հաճախորդների վարկերի պայմանների վերանայում
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը որոշում է ընդունել սեփական շահույթի հաշվին մայիսի 12–ին կարկտից տուժած Արմավիրի և Արագածոտնի մարզերի իր 1037 հաճախորդների վարկային պարտավորությունների բազմակողմանի վերակազմավորում կատարել։

««Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր սոցիալական առաքելությանն ու մատչելի գյուղատնտեսական վարկավորում իրականացնելու քաղաքականությանը, ձգտելով չխորացնել գյուղացիների ֆինանսական բեռը և մեղմել սոցիալական լարվածությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել վարկերի ընթացիկ և անխափան մարման համար, մենք որոշեցինք վերանայել վարկավորման նրանց պայմանները»,– երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ի խորհրդի ղեկավար Արա Աղայանը։

Ըստ նրա` այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը  հետազոտություն է անցկացրել կարկտահարությունից տուժած համայնքներում, որպեսզի բացահայտի կարկտահարության աստիճանը և կարկուտից վարկառուի փաստացի կրած վնասի չափը։

Աղայանն ընդգծեց, որ վարկային պարտավորությունների վերակազմավորման մոդելները մշակելիս հաշվի է առնվել մշակվող մշակաբույսերի վերականգնման ժամկետները, բույսերի վնասի չափերը, ինչպես նաև եկամտի այլընտրանքային աղբյուրների առկայությունը։

 «Արդյունքում Արմավիրի և Արագածոտնի մարզերի թվով 26 համայնքների 1037 հաճախորդների համար, վերջիններիս խնդրանքներին համապատասխան, կատարվեցին վարկերի պայմանների անհրաժեշտ բարելավումներ: Արդյունքում վերանայված վարկային պորտֆելի չափը գերազանցեց 750 մլն դրամը, ինչը կազմում է ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 10 տոկոսը» - տեղեկացրեց նա` ավելացնելով, որ խոսքը վերաբերում է 800 հազարից մինչև 1,5 մլն դրամ գումարի չափով դրամական վարկերին։

Մասնավորապես` վարկային պարտավորությունների վերակազմավորման շրջանակներում, ինչպես նշեց Աղայանը, վարկերի մարման ժամկետները երկարաձգվեցին 1–2 տարով, իսկ վարկերի տոկոսադրույքները, որոնք միջինը կազմում էին  18–23 տոկոս, էապես նվազեցվեցին` հաշվի առնելով վնասի չափը։

«600 առավել տուժած հաճախորդների համար տոկոսադրույքը նվազեցվեց 5 տ.կ.–ով, ավելի քան 200 մարդ, ովքեր ավելի քիչ էին տուժել կարկուտից` 3 տ.կ.–ով։ Միջինը բոլոր հաճախորդների համար տոկոսադրույքը նվազեցվեց 5–7 տոկոսով»,– ավելացրեց նա։

 «Կամուրջ» ՈՒՎԿ–ի խորհրդի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում որևէ միջնորդավճար կամ վարկի սպասարկման վճար չի գանձվի, որոշ դեպքերում մի քանի ամսով հետաձգվել (տեղափոխվել) են տոկոսավճարները։

«Բոլոր վերանայված պայմաններին, այն է՝ տոկոսների նվազեցումները, միջնորդավճարներ և տույժեր չգանձելը, տրվել է հետադարձ ուժ, և դրանք սկսել են գործել հունիսի 1-ից»,– ամփոփեց նա։

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանում գործունեություն ծավալող խոշոր վարկային կազմակերպություններից մեկն է, որը գրանցվել է 2010թ.: Մինչ այդ դեռևս 2000թ.-ից հանրապետությունում իրականացրել է բազմաթիվ գյուղատնտեսական և այլ վարկային ծրագրեր հիմնադրամի կարգավիճակով: «Կամուրջ»-ի գործունեության հիմնական ուղղությունը գյուղատնտեսական վարկավորումն է, որն իրականացվում է հանրապետության բոլոր մարզերում: Ընկերությունը 01.07.2013թ. դրությամբ ունի մոտ 17 000 հաճախորդ, 13 մասնաճյուղ մարզերում, վարկային պորտֆելի ծավալը կազմում է 8.6 մլրդ դրամ,  կանոնադրական կապիտալի մեծությունը՝ 4.5 մլրդ դրամ։ ($1 – 409,90 դրամ է). —0—