Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Կփոխվի ոսկու և թանկարժեք քարերի հարկման կարգը․ նախագիծ

Այսօր, 17:05
Նախագծով առաջարկվում է հարկման բազայի հաշվարկման նոր մեխանիզմ, որը տարբերակվում է ըստ գործունեության տեսակի
Կփոխվի  ոսկու և թանկարժեք քարերի հարկման կարգը․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Նախագծի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով:

Նախագծով առաջարկվում է հարկման բազայի հաշվարկման նոր մեխանիզմ, որը տարբերակվում է ըստ գործունեության տեսակի։

Արտադրողների համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80%-ի և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը։

Սակայն, այն չի կարող լինել պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը։

Առք ու վաճառքով զբաղվող անձանց համար ԱԱՀ-ով հարկման բազա է համարվելու օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը:

Նախագծով առաջարկվում է նաև ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը: