Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք (ՎԻԴԵՈ)

29.04.2025, 15:48
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՎԻԴԵՈ
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի  և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ   լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ, հաղորդում է ՊԵԿ–ը։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և  հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելաոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։

Տվյալների ճշգրտման և իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող այս ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ: Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։

Հաշվարկներն ուշագրավ են. ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1.1 միլիարդ  դրամի վնաս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով:

Հիմք ընդունելով հաղորդման փաստերը՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության և հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխել նմանատիպ դեպքերը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։