Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Սլովակիայից ժամանած գործարարներն ուսումնասիրում են հայկական շուկան

10.04.2013, 17:41
Սլովակիայից ժամանած գործարարների պատվիրակությունը Հայաստանում է տեղական շուկային ծանոթանալու և երկրների միջև առևտրային կապերի զարգացման համար, լրագրողներին հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը։
Սլովակիայից ժամանած գործարարներն ուսումնասիրում են հայկական շուկան
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Սլովակիայից ժամանած գործարարների պատվիրակությունը Հայաստանում է տեղական շուկային ծանոթանալու և երկրների միջև առևտրային կապերի զարգացման համար, լրագրողներին հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը։

Գործարարները Հայաստանում են երկօրյա այցով, որի ընթացքում նախատեսված են նրանց հանդիպումները հայ գործարարների հետ։ Կողմերի հետաքրքրության հիմնական ոլորտներն են` շինարարությունը, մեքենաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը։

«Մենք շահագրգռված ենք Սլովակիայի հետ առևտրատնտեսական համագործակցությամբ։ Սլովակիայի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ մեր գործարարների այսօրվա հանդիպման ընթացքում մենք ցանկանում ենք ներկայացնել Հայաստանի արտահանման հնարավորությունները։ Նրանց կողմից նույնպես հետաքրքրվածություն կա»,– ասաց Վարդանյանը։

Ըստ նրա, հնարավոր համագործակցության հիմնական ոլորտները գյուղատնտեսական վերամշակումն է, շինարարությունը, զբոսաշրջությունը, հանքային ջրերի արտահանումը։

Սլովակիայի ներդրումների և առևտրի զարգացման գործակալության ներկայացուցիչ Պավել Չոբիրկան իր հերթին նշեց, որ իր գործընկերները Հայաստանի ներդրումային կլիման բարենպաստ են համարում։

Նա հայտնեց նաև, որ Սլովակիան կարող է Հայաստանի հետ կիսել մեքենաշինության ոլորտի իր փորձը, քանի որ աշխարհում բնակչության մեկ շնչին բաժին ընկած ավտոմեքենաների թվով առաջին երկիրն է։

Հայաստանի և Սլովակիայի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականին ավելի քան 10 միլիոն 600 հազար դոլար է կազմել` 2011 թվականի 7.5 միլիոն դոլարի դիմաց։ Ընդ որում` Հայաստանից արտահանման ծավալը 2012 թվականին կազմել է ընդամենը 42.8 հազար դոլար` 2011 թվականի 86.7 հազար դոլարի դիմաց։ Ներկրումը կազմել է շուրջ 10 մլն 600 հազար դոլար` նախորդ տարվա 7.4 մլն դոլարի դիմաց։-0-