Տնտեսվարողները պետք է ապահովեն քարտով վճարելու հնարավորություն․ չկատարելու դեպքում նախատեսված է պատասխանատվություն
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների, իրականացվող աշխատանքների և իրացվող ապրանքների դիմաց անկանխիկ վճարումների ընդունման հնարավորություն։
«Կարևոր է իմանալ, որ անկանխիկ վճարումների հնարավորությունն այսօր քաղաքացիների և հաճախորդների համար պարզապես հարմարության հարց չէ, այլ՝ ժամանակակից հասանելի և արդյունավետ սպասարկման կարևոր մաս։
Մասնավորապես, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում՝ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու պարտավորություն ունեցող տնտեսվարողները, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի, պետք է հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ինչ պետք է անել
• ունենալ և պատշաճ կիրառել անկանխիկ վճարումների ընդունման համար անհրաժեշտ գործիքները,
• հաճախորդին տալ ազատ ընտրության հնարավորություն՝ կանխիկ, թե անկանխիկ եղանակով վճարելու համար՝ օրենքով նախատեսված դեպքերում,
• չսահմանափակել հաճախորդի կողմից անկանխիկ վճարում կատարելու հնարավորությունը։
Միաժամանակ ՊԵԿ-ից նշում են, որ օրենքով սահմանված պահանջների չկատարումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։