2021 թ.–ի առաջին կիսամյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 111 տնտեսվարող (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Արդեն 4 տարի Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է օրինապահ հարկ վճարողների հավաստման համակարգը, հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անմիջապես հարկ վճարողի էլեկտրոնային գրասենյակից, իսկ դիմում կարող են ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։
Այս տարվա 6 ամսվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմում է ներկայացրել 169 հարկ վճարող, սակայն հավաստագիր տրամադրվել է 111-ին։ Օրինապահ համարվելու համար հարկ վճարողը պետք է ներկայացնի բոլոր հարկային հաշվարկները, օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները, ինչպես նաև սահմանված ժամկետում և կարգով վճարած լինի հարկային պարտավորություններն ու չունենա հարկային և մաքսային օրեսդրությամբ սահմանված որևէ իրավախախտում։
Բիզնեսին մոտիվացնելու և փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ն այս տարի իրականացրել է կարևոր փոփոխություն։ Հարկային օրենսգրքի նոր լրացումները մայիսի 5-ին ընդունվել են Ազգային ժողովում։ Այս փոփոխությամբ Հայաստանում ամեն տարի ապրիլի 19-ին կնշվի Հարկ վճարողի օրը, միաժամանակ՝ օրինապահ հարկ վճարողների համար սահմանվել են մի շարք բարելավումներ։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը, նախատեսվող կարգով, տրամարդվելու է 1 տարի ժամկետով, իսկ հարկ վճարողի ցանկության դեպքում՝ հայերենից բացի նաև ռուսերեն կամ անգլերեն լեզվով։ Նոր փոփոխություններով համակարգում իրականացվել են հետևյալ բարեփոխումները․
- հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումն իրականացնելու է դրանց պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում,
-միասնական հաշվում առկա գումարները հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում վերադարձվելու են համապատասխան դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում,
-ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգերով և ժամկետներում՝ օրինապահ հարկ վճարողների համար մինչև 60 մլն. դրամի հայտերի հիման վրա։
-Հարկային և մաքսային մարմինների գործունեության բողոքարկման հանձնաժողով ներկայացրած օրինապահ հարկ վճարողների դիմումները քննվում և դրանց մասին դիրքորոշումը ներկայացվում է 15 օրվա ընթացքում, մնացած այլ դեպքերում այդ ժամկետը կազմում է 30 օր։
Կարևոր առավելություն է նաև այն, որ հավաստագիրը հաշվի է առնվում բանկային համակարգի կողմից։ Այն օգնում է վարկ ստանալիս, գործընկերների մոտ բարձրացնում է վստահությունը, իսկ պետական կառավարման մարմինները, վարչարարության իրականացնելիս, կարող են կիրառել առավել պարզեցված ու բարենպաստ ընթացակարգեր։–0–