Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

2025 թ.–ին Հայաստանի գլխավոր տնտեսական իրադարձությունների տասնյակը

Այսօր, 15:19
«ԱՌԿԱ» գործակալությունն առանձնացրել է 2025 թվականի տասն ամենանշանակալի իրադարձությունները, որոնք էական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման վրա և սահմանել են առաջիկա տարիների հիմնական ուղենիշները
2025 թ.–ին Հայաստանի գլխավոր տնտեսական իրադարձությունների տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականը Հայաստանի տնտեսության համար դարձավ բեկումնային և շատ առումներով ոչ տիպիկ. լայնածավալ սոցիալական բարեփոխումները, ենթակառուցվածքային և էներգետիկ զգայուն լուծումները, նոր աշխարհատնտեսական երթուղիներն ու արտաքին առևտրի նկատելի շտկումները ձևավորեցին բարդ և բազմաշերտ օրակարգ:

Տարվա ընթացքում երկիրը միաժամանակ գործարկում էր երկարաժամկետ համակարգային փոփոխություններ և արձագանքում արտաքին ու ներքին կտրուկ մարտահրավերներին:

«ԱՌԿԱ» գործակալությունն առանձնացրել է 2025 թվականի տասն ամենանշանակալի իրադարձությունները, որոնք էական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման վրա և սահմանել են առաջիկա տարիների հիմնական ուղենիշները:

1. TRIPP նախագիծ

Пашинян, Алиев, Трамп

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելը

ЭСА Электросети Армении Элсети Электрические сети

Նոյեմբերին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (որը պատկանում է Սամվել Կարապետյանի «Տաշիր Գրուպին») զրկեց էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայից։ Հանձնաժողովը որպես հիմք նշել է 4-ամսյա վարույթի ընթացքում հայտնաբերված խախտումները, որոնց թվում են էլեկտրական հաշվիչների ցուցմունքների հավելագրումները, էլեկտրական հաշվիչների ցուցանիշների թերություններն ու այլ կեղծիքներ, ներդրումային ծրագրերի իրականացման խախտումները, նոր բաժանորդների միացման ժամկետների և կարգի խախտումները, որոշ օբյեկտների շինարարության և վերանորոգման ընթացքում շինարարական ու հակահրդեհային նորմերի խախտումները։

Հանձնաժողովը նաև պնդում է, որ ՀԷՑ–ն առևտրային բանկերի միջոցով ռիսկային վարկային երաշխիքներ է տրամադրել մի շարք փոխկապակցված ընկերությունների, ինչպես նաև անարդյունավետ է կառավարել գույքը, անշարժ գույքը և դրամական միջոցները: ՀԷՑ-ի ներկայացուցիչները համաձայն չեն ներկայացված եզրակացությունների հետ՝ կասկածի տակ դնելով տվյալների ճշգրտությունը և ՀԾԿՀ-ի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ստուգումների և փորձաքննությունների որակը:

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ պետությունը բանակցություններ կվարի ՀԷՑ–ի սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման հարցով։ Այն դեպքում, եթե կողմերը երեք ամսվա ընթացքում համաձայնության չգան, պետությունը կարող է վերցնել այդ սեփականության իրավունքը։

3. ԵՄ-ի 500 մլն դոլարի ներդրումները Հայաստանի էներգետիկայի դիվերսիֆիկացման և անվտանգության խորացման գործում

Армения Евросоюз флаги

Նոյեմբերին Տաշքենդում ստորագրվեց փաստաթուղթ «Կովկասյան էներգահամակարգ» նախագծի շրջանակում Հայաստանին աջակցելու վերաբերյալ: Նախագիծը նպատակաուղղված է էներգետիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ու դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև արտաքին դերակատարներից կախվածության նվազեցմանը:

Ինչպես դեկտեմբերի սկզբին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը, 500 միլիոն դոլարի ներդրումներն ուղղված են հայկական էներգահամակարգը վրացականի հետ կապելուն՝ հավելելով, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում Հայաստան-Թուրքիա հատվածում։ Որպես նպատակ նա մատնանշել է կախվածության նվազեցումը ռուսական էներգիայից։

4. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկում

бизнес, деньги, финансы, экономика, спад

2025 թվականի սկզբից Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն անկում է գրանցում: Այսպես, եթե 2024 թվականի արդյունքներով Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը կազմում էր 30,16 մլրդ դոլար՝ արձանագրելով 41,5% աճ, ապա հունվարից սկսվել է անկում. առաջին եռամսյակում՝ 54,2%-ով, առաջին կիսամյակում՝ 45%-ով, ինն ամիսների ընթացքում՝ 39,3%-ով, իսկ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով 10 ամսվա կտրվածքով՝ 37,1%-ով՝ կազմելով 16,54 մլրդ դոլար:

Համաշխարհային բանկի վերլուծաբանները նշում են, որ հոկտեմբերին Հայաստանում ներմուծումը և արտահանումը շարունակել են նվազել վերաարտահանման փուլային դադարեցման պատճառով. արտահանումը հոկտեմբերին կրճատվել է 21,8%-ով (տարեկան կտրվածքով)՝ սեպտեմբերին գրանցված 24,4% անկումից հետո, իսկ ներմուծումը նվազել է 11,9%-ով՝ սեպտեմբերի 19,5%-ի համեմատ։ Սա հիմնականում պայմանավորված էր թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանման (45%-ով) և ներմուծման (33%-ով) անկմամբ։

5. ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի համար 175 մլն դոլարի նոր եռամյա SBA ծրագիրը

МВФ, Международный валютный фонд

ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը 2025 թվականի դեկտեմբերի 4-ին հաստատել է Հայաստանի հետ նոր՝ 36-ամսյա Stand-By Arrangement (SBA) համաձայնագիրը՝ 128,8 մլն SDR-ի չափով (ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 100%-ը կամ մոտ 175 մլն դոլար): Այն կաջակցի երկրի իշխանություններին՝ մակրոտնտեսական կայունության պահպանման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրի առաջմղման հարցում, ինչպես նաև կապահովի ապահովագրություն անորոշության պայմաններում։

Հաստատումից հետո Հայաստանին անմիջապես հասանելի դարձավ 18,4 մլն SDR-ին (մոտ 25 մլն դոլար) համարժեք գումար։ Մնացած գումարը կտրամադրվի հավասար մասնաբաժիններով՝ հաշվի առնելով վեց կիսամյակային վերանայումների արդյունքները։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են այս համաձայնագիրը դիտարկել որպես զգուշավորության միջոց (կանխարգելիչ գործիք)։

6. Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների մատակարարման մասին

азербайджанский бензин

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր դարձան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ։

Այս երթուղին գործարկվել է առաջին անգամ 90-ականների սկզբից ի վեր, այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու մասին։

Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան հասած ապրանքների առաջին երկու խմբաքանակներն են եղել ռուսական հացահատիկով բեռնված գնացքը (15 վագոն, ժամանել է նոյեմբերի 5-ին) և ղազախական ցորենով բեռնված գնացքը (մոտ 1000 տոննա, ժամանել է նոյեմբերի 7-ին)։

Այնուհետև, դեկտեմբերի 19-ին, Հայաստան է հասել Ադրբեջանից 1218 տոննա բենզին տեղափոխող գնացքը՝ 2025 թվականի նոյեմբերի 28-ին Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

7. «Գազպրոմ Արմենիա»-ի 150 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը

Газпром-Армения

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեկտեմբերին հաստատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026–2030 թվականների ներդրումային ծրագիրը՝ 150,35 մլրդ դրամի չափով (առանց ԱԱՀ-ի):

Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը (20,36 մլրդ դրամ), գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը (50,36 մլրդ դրամ), նոր բաժանորդների միացումները (շուրջ 4,8 մլրդ դրամ), ինչպես նաև գազափոխադրման և գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ (շուրջ 59,4 մլրդ դրամ), ինչպես նաև Երևանը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին ուղղված ներդրումներ (3,56 մլրդ դրամ):
 
8. Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման մեկնարկը

медицина, здравоохранение, здоровье, врач, стетоскоп

Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերին հաստատեց պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենսդրական նախագիծը։ Համընդհանուր բժշկական ապահովագրության փաթեթները ակտիվանում են 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ վճարման վերջնաժամկետ է սահմանվել մինչև հունվարի 20-ը։

Պարտադիր բժշկական ապահովագրության եռամյա (2026-2028 թթ.) բարեփոխումների առաջին փուլը մեկնարկել է 2026 թվականին: Համակարգում կընդգրկվեն երկու խմբեր. այն անձինք, որոնց ապահովագրությունը ֆինանսավորում է պետությունը՝ մինչև 18 տարեկան անչափահասները, 65 տարեկան և բարձր անձինք, հաշմանդամություն ունեցող (I, II, III խմբեր) 18–65 տարեկան անձինք, անապահով ընտանիքները. 28 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները:

Առաջին փուլում համակարգում կընդգրկվի Հայաստանի 1,7 մլն բնակիչ: Նրանց համար ծախսերի 100%-ը կհոգա պետությունը:

Երկրորդ փուլում՝ սկսած 2027 թվականից, համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից՝ մնացած բոլոր խմբերը, ներառյալ գյուղատնտեսության մեջ զբաղվածները և նրանց ընտանիքի անդամները: 

Բժշկական ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,6 հազար դրամ՝ ամսական վճարման սկզբունքով: Ապահովագրության մեջ կներառվեն ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր և պոլիկլինիկական սպասարկումը, ընտանեկան բժշկի այցերը, նեղ մասնագետների խորհրդատվությունները և լաբորատոր հետազոտությունները (տարեկան սահմանված քանակով):

Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կճշգրտվի՝ ներառելով որոշակի վիրահատական միջամտություններ, մասնավորապես՝ ակնաբուժական (կատարակտ), սիրտ-անոթային և այլն: Բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար 2026 թվականի բյուջեով նախատեսվել է 127 մլրդ դրամ:

9. Հասարակական տրանսպորտի թանկացումը և միասնական տոմսային համակարգի ներդրումը Երևանում

транспорт, автобус, терминал, билет

Երևանի ավագանին 2025թ․–ի հունվարի վերջին միաձայն որոշում ընդունեց հասարակական տրանսպորտի մեկ ուղևորության տոմսի արժեքը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը սահմանել 150 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն։ Ավելի ուշ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ սակագինը կարող է վերանայվել տարեկան ոչ ավելի, քան 10 դրամի չափով։

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում լիարժեք գործում է միասնական տոմսային համակարգը, որը բացառում է կանխիկով վճարումը ավտոբուսներում, տրոլեյբուսներում և մետրոյում։ Վճարման մի քանի տարբերակ կա՝ TelCell Wallet բջջային հավելվածով, բանկային քարտերով և մշտական պլաստիկ քարտերով։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունեց փոփոխություններ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, որոնք նախատեսում են տուգանքների համակարգ Երևանի հասարակական տրանսպորտով առանց վճարման կամ այլ անձի արտոնյալ տոմսով երթևեկելու համար։

Այսպես, սահմանվել են հետևյալ տուգանքները.

  • 3 000 դրամ՝ տրանսպորտ նստելիս տոմսը կամ կրիչը չվալիդացնելու (չհաստատելու) համար,
  • 10 000 դրամ՝ առանց ուղեվարձի վճարման տրանսպորտից օգտվելու համար,
  • 15 000 դրամ՝ այլ անձի պատկանող արտոնյալ տոմսից օգտվելու համար։
10. Էլեկտրամոբիլների համար ԱԱՀ-ից ազատման արտոնության երկարաձգումը

электромобиль

ԱԺ–ն 2025թ․–ի դեկտեմբերի 17-ին հաստատեց Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները, որոնցով էլեկտրամոբիլների ներկրման ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգվում է ևս մեկ տարով։ Արտոնությունը տարածվելու է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց (դիլերների) վրա և կկիրառվի 2026 թվականից՝ 2024–2026 թվականների արտադրության էլեկտրամոբիլների համար։