4 բեռնատար է վերադարձել, ոչ թե հարյուրավոր. Պապոյանը հերքել է ՌԴ-ից հայկական բեռնատարների զանգվածային վերադարձի մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հայտարարությանն առ այն, թե Վերին Լարսի անցակետից գյուղատնտեսական մթերքներով բեռնված հարյուրավոր բեռնատարներ են վերադարձել Հայաստան։
«Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա», - գրել է Պապոյանը Facebook-ի իր Ֆեյսբուքյան էջում։
Նախարարը հայտնել է, որ վերադարձել է ընդամենը 4 բեռնատար։
«Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար կամ օրական միջինը 101 մեքենայից ավել, որից. խմիչքներ՝ 610, մրգեր՝ 447, պերլիտային ավազ՝ 234, բանջարեղեն՝ 315, ծառեր, բույսեր՝ 141, վերամշակված միրգ-բանջարեղեն՝ 84, քարից, գիպսից և նման ապրանքներ՝ 75, ձուկ՝ 68, էլ. և մեխանիկ. սարքավորումներ՝ 79, ծխախոտ՝ 21, կաթնամթերք՝ 19, տրիկոտաժ՝ 16, և այլն»,-գրել է նախարարը։
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ ՌԴ ուղևորվող գյուղատնտեսական արտադրանքով, սալորով, դեղձով և խաղողով հարյուրավոր բեռնատարներ Վերին Լարսի անցակետից վերադառնում են Հայաստան: «Բեռնատարների վարորդները բողոքում են բուսասանիտարական միջոցառումների հետ կապված խնդիրներից և բացատրությունների բացակայությունից, ինչի պատճառով էլ տուժում են գյուղացիները և ֆերմերները», - գրել էր Դանիելյանը՝ նշելով, որ այլ ապրանքներով, այդ թվում՝ շինանյութերով բեռնատարները նույնպես ենթարկվում են մանրակրկիտ ստուգման։