6 ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 6 ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի։
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Facebook-յան իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է ՇՄՆ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Ըստ նախարարի ներկայացրած տվյալների, Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված 2023 թ.-ին՝ 600 տոննա, 2024 թ.-ին՝ 679 տոննա, 2025 թ.-ին՝ 1123 տոննա:
«Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)»,-գրել է նա։
Նախարարի խոսքով, Սևանա լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը սիգի բնական վերարտադրության ապահովման դեպքում պահպանվում է կայուն արդյունագործական չափաքանակ։
Այդ նպատակով յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։
«Միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք»,-գրել է նախարարը։
Նշենք, որ սույն թվականի հունիսի 20-ին կառավարությունը սահմանել էր ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք:
Նման որոշման ընդունումը պայմանավորված էր եղել հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: