Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի տնտեսական աճի 10-20%-ի կորստի հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցության պատճառով

25.07.2023, 13:45
Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի տնտեսական աճի 10-20%-ի կորստի հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցություն թողնող գործընթացների պատճառով, նման կարծիք հայտնեց Հանքագործների և մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջանյանը
Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի տնտեսական աճի 10-20%-ի կորստի հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի տնտեսական աճի 10-20%-ի կորստի հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցություն թողնող գործընթացների պատճառով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման կարծիք հայտնեց Հանքագործների և մետալուրգների միության ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։

«Այս պահին Ադրբեջանի գործողություններից հասցված վնասը հաշվարկված չէ, և նման վերլուծություն չի իրականացվում։ Սակայն ես կնշեի Քաջարանի կոմբինատի արտադրության ծավալների ավելացումը, նոր ձուլարանի կառուցումը, Ամուլսարի հանքավայրի վերաշահագործումը. այս ամենը մոտավորապես կտա 10-20% տնտեսական աճ։ Այսինքն՝ եթե Ադրբեջանին հաջողվի իրականացնել իր նախագծերը, դա կտա տնտեսական աճի 10-20 տոկոսի կորուստ»,- ասաց նա։

Ադրբեջանցի «բնապահպանների» շահարկումները բացառելու նպատակով, բնապահպանական ռիսկերի կառավարման տեսակետից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա մատնանշեց այն փաստը, որ հանքարդյունաբերության նշանակությունը Հայաստանի համար առավել քան նշանակալի է։

«Այս ոլորտը միշտ եղել և այսօր էլ մնում է Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչներից մեկը։ Մասնավորապես, օտարերկրյա ուղղակի ներդրումների զգալի մասը գնում է այս ոլորտ, որն ապահովում է աշխատատեղեր, լուծում սոցիալական խնդիրներ և խթանում է տարածքային զարգացումը»,- ասաց Միության ղեկավարը։

Նա, մասնավորապես, նշեց, որ Հանքագործների և մետալուրգների միջազգային միության «Լեռնահանքային արդյունաբերության դերը ազգային տնտեսություններում» զեկույցում Հայաստանը հանքարդյունաբերության արտահանման ինդեքսով 182 երկրներից առաջին 25-ի մեջ է։ Այս կապակցությամբ նա հավելեց, որ հանքարդյունաբերող երկրներից շատերը շարունակում են ապավինել իրենց բնական պաշարներին՝ որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ։

«Եթե 10 տարի առաջ Հայաստանի հանքարդյունաբերությունն ապահովում էր երկրի ՀՆԱ-ի 2,6%-ը, ապա նրա մասնաբաժինը հանրապետության ՀՆԱ-ում այսօր արդեն մոտ 10% է (հարակից ճյուղերի հետ միասին)։ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մինչև 2035 թվականը հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության» համաձայն՝ ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2021 թվականին կազմել է 11%, որից 6%-ը ՀՆԱ-ում ուղղակի մասնաբաժինն է, իսկ 5%-ը՝ անուղղակի»,- ասաց Ջանյանը։

Միաժամանակ, ինչպես ընդգծեց նա, ոլորտի կարևորությունը կայանում է նրանում, որ Հայաստանում դրանից հարկային վճարումները կազմում են պետական բյուջեի 10%-ը, և դա՝ առանց հարակից ճյուղերը հաշվի առնելու։
«Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտն ամբողջությամբ արտահանմանն ուղղված ոլորտն է, որը կազմում է ընդհանուր արտահանման 30-40%-ը։ Ոլորտն աշխատանքով է ապահովում շուրջ 60000 աշխատակցի։ Ըստ «Մինչև 2035 թվականը հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության»՝ 2021 թվականի դրությամբ ոլորտի ընկերություններում աշխատում է 11900 աշխատող, իսկ հանքարդյունաբերությունը սպասարկող ընկերություններում՝ 51200, որոնք ստանում են հանրապետության միջին աշխատավարձից երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ»,- ասաց Ջանյանը։-0-