«Այգ-1» արևային կայանի ծրագիրն իրականացնող «Մասդար» ընկերության կողմից ներկայացվել է բանկի կատարողականի երաշխիք մոտ 16մլն դոլարի չափով
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 26-ին «Այգ- 1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը՝ համաձայն ՀՀ կառավարության և Մասդարի միջև նույն օրը ստորագրված Կառավարության աջակցության պայմանագրի, հաղորդում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։
«Կատարման բանկային երաշխիքը կազմում է 15,500,000 ԱՄՆ դոլար (տասնհինգ միլիոն հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար) և ներկայացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ որպես համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունները կատարելու պարտավորություն», – նշվում է հաղորդագրության մեջ:
Բանկային կատարողականի երաշխիքը գործում է ստորագրման օրվանից երեսունվեց (36) ամիս և ժամանակ առ ժամանակ երկարաձգվում է՝ ժամկետի ավարտից առնվազն երեսուն (30) օր առաջ, որպեսզի ուժի մեջ լինի մինչև 3 (երեք) ամիս՝ «Այգ-1» արևային կայանի առևտրային շահագործման ամսաթիվը:
«Այգ–1» ծրագրի մասին
ՀՀ կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում որոշվել է «Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը ներդնել ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։
Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան:
Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված վերականգվող էներգետիկայի զարգացմանը, ըստ որի նախատեսվում է կառուցել մինչև 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի:
«Այգ-1» ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության և «ԱՆԻՖ» կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։ «Մասդար» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է։
ԱՆԻՖ–ի մասին
ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։
ԱՆԻՖ-ի առաքելությունն է աջակցել և հզորացնել Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը: Հայաստանի ներդրումային և բիզնես հնարավորությունները բացահայտելը, ընդլայնելը եւ զարգացնելը մեր առաքելության հիմնասյունն է։ Մեր ջանքերն ուղղված են հայ ժողովրդի, երկրի և ներդրողների ընդհանուր շահերի ձեւակերպմանը եւ պաշտպանությանը:–0–