Կպարզեցվեն մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման ընթացակարգերը. կառավարություն
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է պարզեցնել ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման ընթացակարգերը։
Որոշմամբ առաջարկվում է նոր դասակարգչի ավելացում՝ թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանում թափոնների վերամշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես բնապահպանական խնդիրների լուծման, այնպես էլ տնտեսական, սոցիալական և առողջապահական տեսանկյունից։
Նշվում է, որ այսօր երկրի տարբեր շրջաններում կուտակվող մեծ քանակությամբ թափոնները լուրջ սպառնալիք են շրջակա միջավայրի համար։ Դրանք հիմնականում հասնում են բաց աղբավայրեր, որտեղ քայքայվելով արտազատում են վտանգավոր նյութեր։ Վերամշակման շնորհիվ հնարավոր է զգալիորեն նվազեցնել աղտոտումը, պահպանելով բնության ռեսուրսները և նպաստելով երկրորդական հումքի արդյունահանմանը։
Ըստ հիմնավորման՝ բացի բնապահպանական օգուտներից, թափոնների վերամշակումը կարող է կարևոր դեր ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել տեղական արտադրությունը և ձևավորել վերամշակված հումքի ներքին շուկա։
Կփոփոխվի նաև կազմակերպությունների՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքը վերացնելու վերաբերյալ դրույթը, քանի որ հարկային պարտավորություն ունենալու պարագայում վերջիններիս ժամանակ է հարկավոր այն մարելու և 0-ական տեղեկանք ներկայացնելու համար։