ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման։
Այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20 %):
«Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Այսինքն, եթե ՀՀ ռեզիդենտ քաղաքացին աշխատել է այլ պետությունում, ապա նա ունի օտարերկրյա պետությունում վճարված և ՀՀ-ում գործող եկամտային հարկի դրույքաչափի տարբերության չափով եկամտային հարկի վճարման պարտավորություն։ Իսկ, եթե օտարերկրյա պետությունում վճարված եկամտային հարկի դրույքաչափը գերազանցում է ՀՀ-ում գործող եկամտային հարկի դրույքաչափը, ապա այս դեպքում՝ քաղաքացու համար Հայաստանի Հանրապետությունում վճարման որևէ պարտավորություն չի առաջանում», – պարզաբանել են ՊԵԿ–ից։
Գերատեսչությունից հաստատել են, որ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ։
Քաղաքացիների դժգոհությունը
Օրերս ասուլիսի ժամանակ այս թեմային է անդրադարձել «Հայկական Կարիտաս» բարեգործական ընկերության աշխատանքային միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Նրա խոսքով, ՌԴ–ում աշխատող ՀՀ մի շարք քաղաքացիներ 2024թ․–ի հունվարին ծանուցում են ստացել ՊԵԿ–ից հարկային պարտավորությունները խախտելու մասին։
«Սակայն այդ քաղաքացիներն աշխատանքի են տեղավորվել օրինական հիմունքներով։ Նրանց համար ՌԴ–ում (գործատուները) վճարել են հարկեր, բայց քաղաքացիները չգիտեին, թե կոնկրետ որքան։ Իսկ հետո Հայաստանում նրանց հայտնել են, որ նրանք խախտել են հարկային պարտավորությունները», – հայտարարել է Բեջանյանը։
Նրա խոսքով, խնդրի էությունը նշված է ԵԱՏՄ օրենսդրությունում, որի համաձայն՝ եթե ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն աշխատանքային պայմանագիր են կնքում իրենց բնակության երկրում, նրանք միանգամից հարկվում են 13 տոկոսանոց եկամտահարկով։
«Իսկ եթե լուծարում են պայմանագիրը հարկային տարվա ավարտից հետո, ապա պարտավոր են իրականացնել վերահաշվարկ և վճարել երկրի կողմից սահմանված եկամտահարկի տարբերությունը»,– պարզաբանել է Բեջանյանը։
Նշենք, որ ՌԴ–ում եկամտահարկը 13 տոկոս է, ՀՀ–ում՝ 20։
Ինչպես կարծում է փորձագետը, դա անարդար է հայ աշխատանքային միգրանտների նկատմամբ։
«Նրանք, ովքեր աշխատել են օրինական աշխատանքային պայմանագրի հիման վրա, հայտնվել են ավելի պակաս շահեկան իրավիճակում, քան անօրինական աշխատող և հարկ չվճարող քաղաքացիները։ Դա կարող է ունենալ չափազանց բացասական հետևանքներ», – ընդգծել է Բեջանյանը։–0–