Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ Վարչապետը տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

08.05.2020, 18:20
ՀՀ Վարչապետը տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
ՀՀ Վարչապետը տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության և մասնավորապես, Հայաստանին տրամադրվող օգնությունը: 

Ըստ հայտարարության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքն ու առաջնային ուղղությունները: Լիտվայի նախագահը բարձր է գնահատել բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած վճռականությունը: Նա իր աջակցությունն է հայտնել բարեփոխումների քաղաքականությանը և պատրաստակամություն հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրելու հարցում:  

«Երկուստեք նշվել է ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացման կարևորությունը: Մասնավորապես, նշվել է ուղիղ չվերթի շուտափույթ վերագործարկման առաջնայնությունը: Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգին: Կողմերը գոհունակություն են հայտնել այդ կապակցությամբ և ընդգծել տվյալ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Կողմերը փոխանակվել են պաշտոնական այց կատարելու հրավերներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-