Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն այցելել են ԱԷԿ

22.01.2021, 19:10
Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն այցելել են ԱԷԿ
Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն այցելել են ԱԷԿ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով, հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում կողմերը նշել են 2020 թվականին կատարված աշխատանքների հաջող իրականացումը: Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաև ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը թույլ կտա կայանին աշխատանքը շարունակել նաև 2026 թվականից հետո: ՀԱԷԿ-ում աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել համակարգի աշխատակիցների մասնագիտական որակներն ու նվիրվածությունը, որոնց շնորհիվ նախորդ տարի համավարակի և ռազմական դրության պայմաններում հնարավոր է եղել պահպանել Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճյուղի կայունությունը։ «Անչափ կարևորում եմ ռուս գործընկերների հետ ոլորտի զարգացման ուղղությամբ առաջիկայում տարվող համատեղ աշխատանքը։ Ատոմային էներգետիկան այսօր թույլ տալիս է ապահովել Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը», –ընդգծել է նախարար Պապիկյանը։

Նախարարը հիշեցրել է նաև, որ տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է», - ասել է նախարարը:

Մեկնաբանելով էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Փոխօգնության, վստահության ու բարեկամության ավանդույթներն են որոշում Ռուսաստանի և Հայաստանի այսօրվա հարաբերությունները։ Ընդ որում, ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Դա հնարավոր է դարձել հայ և ռուս մասնագետների մասնագիտական վարպետության, համակարգված և ամբողջական նվիրումով աշխատելու նրանց ունակության շնորհիվ։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն և 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին։ Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:–0–