Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանն աշխատանքներ է տանում հարևան երկրների հետ կապի բարելավման և հաղորդակցության բացման ուղղությամբ․ Քերոբյան

13.11.2023, 12:58
Նրա խոսքով, նախատեսվում է Երևանը կապել տեխնոլոգիական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Բեռլինը, Ամստերդամը, Լոնդոնը, ինչպես նաև Չինաստանի արևմտյան քաղաքների հետ
Հայաստանն աշխատանքներ է տանում հարևան երկրների հետ կապի բարելավման և հաղորդակցության բացման ուղղությամբ․ Քերոբյան
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարության կողմից մակրո մակարդակով աշխատանքներ են տարվում հարևան երկրների հետ կապի բարելավման և հաղորդակցության բացման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Civilnet-ին տված հարցազրույցում։

«Միկրո մակարդակում արդեն բարելավվել են կապը տարբեր երկրների հետ թռիչքների ավելացման միջոցով և հաջորդ տարի պլանավորվում են ավելացնել ուղիղ չվերթների ուղղություններ, այդ թվում՝ Չինաստան», – նշել է Քերոբյանը։

Նրա խոսքով, նախատեսվում է Երևանը կապել տեխնոլոգիական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք են Բեռլինը, Ամստերդամը, Լոնդոնը, ինչպես նաև Չինաստանի արևմտյան քաղաքների հետ։

«Նախատեսվում է նաև ավելացնել ներդրումները ճանապարհային ենթակառուցվածքներում, մասնավորապես՝ Գյումրու Շիրակի չոր նավահանգստի ծրագրի միջոցով», – նշել է նախարարը։

Քերոբյանը Իրանի հետ ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրերի մասին խոսելիս նշել է, որ ծրագրերից մեկով նախատեսվում է ստեղծել Հնդկաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Եվրոպան կապող առևտրային ճանապարհ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը բանակցություններ է վարում իրանական Չաբահար նավահանգստին միանալու համար՝ դեպի Հնդկաստան և ասիական այլ երկրներ հասանելիություն ստանալու համար։ Հետագայում նախատեսվում է կապ հաստատել Չաբահար նավահանգստի և Հյուսիս-Հարավ միջազգային մայրուղու միջև։–0–