Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանն ու ԱՄԷ–ն քննարկում են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

21.02.2025, 16:31
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ - Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի հետ
Հայաստանն ու ԱՄԷ–ն քննարկում են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին գտնվել է ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքում, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ - Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի հետ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ և RAK Properties PJSC ընկերության անկախ տնօրեն, Նորին գերազանցություն Մուհամմեդ Մուսաբեհ Ալ Նուաիմիին։

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և մեծ ներուժ ենք տեսնում դրանց հետագա ընդլայնման համար»,- նշել է նախարարը և հավելել, որ վերջին տարիներին երկու երկրների առևտրատնտեսական կապերը զգալիորեն ամրապնդվել են։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունների մասին։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին, որը նպատակ ունի խթանելու տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ 

Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի Ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ) և դրանց ընձեռած հնարավորությունները ԱՄԷ-ի ընկերությունների համար։ Հայկական կողմը շեշտել է, որ ԱՏԳ-ներն ապահովում են բարենպաստ հարկային և իրավական պայմաններ օտարերկրյա ներդրողների համար։ Քննարկվել է նաև «Մասդար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում են ներդրումներ վերականգնվող էներգիայի ոլորտում։ 

Կողմերն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին, առաջիկայում երկկողմ գործակցության հուշագրի ստորագրման հնարավորություններին, ինչպես նաև հայկական ագրոպարենային ապրանքների արտահանման և ԱՄԷ շուկայում ներկայացվածության ընդլայնմանը։ 

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կարող է տարածաշրջանում երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։ 

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ կազմել է $5 337 301.3 հազար (2.3 անգամ աճ` 2023 թվականի համեմատ)։ Միևնույն ժամանակ, ԱՄԷ արտահանման ծավալը կազմել է $5 254 941.5 հազար (2.4 անգամ աճ), իսկ ԱՄԷ-ից որպես արտահանող երկրի ներմուծումը՝ $446 841.9 հազար՝ (28.1% անկում)։