Հայաստանում կկառուցվի նոր ջերմոցային համալիր. ծրագրի արժեքը 48 մլն եվրո է
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել նոր արդյունաբերական ջերմոցային համալիր, ներդրումային ծրագրի արժեքը 48 մլն եվրո է։
ՀՀ կառավարությունը այսօր կայացած նիստում հավանություն տվեց ներդրումային ծրագրին, ինչպես նաև համաձայնեց ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ դրանք Սևան համայնքի Լճաշեն և Վարսեր բնակավայրերի 51.4 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են։
Սանոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, այս գործարքից համայնքային բյուջե մուտք կարվի 22 մլն դրամ:
«Ջերմոցային համալիրի կառուցման ծրագիրը կիրականացվի 125 հա տարածքում և կընդգրկի Լճաշեն և Վարսեր համայնքների հողերը: Դրանցից 45-ում նախատեսվում է կառուցել մեծ արտադրական ջերմոցային համալիր և տնկիների արտադրական տնկարան, իսկ մնացած տարածքում տեղակայվելու են ենթակառուցվածքներ»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ շինարարության համար նախատեսված է 60 ամիս ժամկետ, այդ ընթացքում կստեղծվի 350-400 ժամանակավոր աշխատատեղ, իսկ համալիրի ամբողջական գործարկումից հետո այնտեղ մշտական աշխատանք կունենա 400-450 մարդ՝պայմանով, որ նրանց 70%-ը պետք է կանայք լինեն:
«Վերջնական արդյունքով տարեկան մոտ 12 տոննա բանջարեղեն կարտադրվի, որի 80%-ը նախատեսվում է արտահանել Հայաստանից»,-ասաց նախարարը:
Նախարարը հավելեց նաև, որ պետական աջակցության համար դրվել է կարևոր պայման՝ ձեռք բերված հողերը ծառայեցնել բացառապես գյուղատնտեսական այս ծրագրին։ ($1 – 479.13 դրամ)։-0-