Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանը դիտարկում է պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները

07.06.2024, 15:13
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային
Հայաստանը դիտարկում է պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։

Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում և Հնդկաստանի ոսկերչական ցուցահանդեսներում Հայաստանի ներկայացումը ազգային տաղավարով։

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է քիմիական և մետալուրգիական արդյունաբերությունը՝ նախարարը հրավիրել է հնդկական ընկերություններին հայկական կողմի հետ համագործակցել «Կանաչ քիմիա» նախագծերի շրջանակում:

Երկուստեք կարևորվել է միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպումը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցությունը խթանելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։