Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանը դիտարկում է Չաբահար իրանական նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը․ Պապոյան

01.10.2024, 11:46
Հայաստանը դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու հնարավորությունը, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Հայաստանը դիտարկում է Չաբահար իրանական նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու հնարավորությունը, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու մասին՝դեպի Հնդկաստան և ասիական այլ երկրներ մուտք գործելու համար։ Հետագայում նախատեսվում է կապ հաստատել Չաբահար նավահանգստի և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջև։

«Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը, որը միտված կլինի Հայաստանից ապրանքների արտահանման և ներմուծման նոր ուղիների հաստատմանը»,- նշել է Պապոյանը նախօրեին ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Երկուշաբթի ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ  արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: 

Հուշագիրը կնպաստի երկու պետությունների մասնավոր հատվածների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, առևտրային հարաբերություններում նոր մեխանիզմների ներդրմանը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: 

Չաբահար նավահանգիստը գտնվում է Իրանի հարավ-արևելքում։ 2003 թվականին Հնդկաստանն ու Իրանը պայմանավորվել էին համատեղ զարգացնել նավահանգիստը, սակայն նախագիծն այն ժամանակ հետաձգվեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով: 2016 թվականին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Նյու Դելին  մտադիր է ներդնել 500 միլիոն դոլար նավահանգստային ենթակառուցվածքների կառուցման համար։