Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ԿԲ նախագահ. մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է «ցանկացած փոթորկի դիմակայելու կարողություն»

06.09.2023, 14:36
Հայաստանում խորապես գիտակցում են, որ չի կարելի ապավինել բախտին կամ իներտությանը՝ երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար, ռիսկերը միշտ էլ կան, որոշներն ավելի վտանգավոր են, քան մյուսները
ԿԲ նախագահ. մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է «ցանկացած փոթորկի դիմակայելու կարողություն»
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում խորապես գիտակցում են, որ չի կարելի ապավինել բախտին կամ իներտությանը՝ երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար, ռիսկերը միշտ էլ կան, որոշներն ավելի վտանգավոր են, քան մյուսները, և դրանցից շատերն իրականանում են, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նման պայմաններում հատկապես կարևորվում է լավ կառավարումը, որի էությունը, ըստ ԿԲ նախագահի, «ցանկացած փոթորկի դիմակայելու կարողությունն է»:

«Հարցն այն չէ, թե արդյո՞ք մենք կարող ենք ընդհանրապես խուսափել այդ ռիսկերից, այլ այն, թե արդյո՞ք մենք ունենք դրանց արդյունավետ կառավարման համակարգ», - ասել է նա «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Դիլիջանում:

Գալստյանը նշել է, որ քովիդի համաճարակի ընթացքում բացահայտվեց դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության կարևոր դերը երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման գործում:

Նա նաև հիշեցրել է, որ երբ գնաճային ճնշումները սկսեցին ի հայտ գալ, անորոշություն առաջացավ դրանց պատճառների վերաբերյալ: Սա ստեղծեց նոր հաղորդակցության և վստահության մարտահրավերներ կենտրոնական բանկերի համար: Այս խնդիրներն արդիական էին անցյալ դարի 80-ականներին, և շատերը դրանք լուծված էին համարում:

ԿԲ նախագահը շեշտել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ չնայած հաճախակի տնտեսական և աշխարհաքաղաքական ցնցումներով պայմանավորված դժվարություններին։ Նա նաև նշեց, որ ֆինանսական քաղաքականությունը, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը օրեցօր էլ ավելի փոխկապակցված են դառնում և պահանջում սերտ համագործակցություն։

ԿԲ նախագահը կարևորել է նաև այն հանգամանքը, որ գլոբալ մասնատումը (ֆրագմենտացիա) կարող է ռիսկեր ստեղծել կապիտալի համաշխարհային հոսքերի առումով և դժվարություններ առաջացնել կապիտալի միջազգային շուկաներ մուտք գործելու համար։ Հետևաբար՝ համակարգված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունն առանցքային դեր է խաղում ներքին տնտեսության համար՝ նման ազդեցությունները կառավարելու և անկայունությունը մեղմելու գործում:-0-