Կադաստրի կոմիտեում գործարկվել է ազգային գեոպորտալ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. Պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալներով ապահովելու համար Կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը, որտեղ ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակությունների և սեփականության սուբյեկտի), հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը և այլն, հաղորդում է Կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժինը։
Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միևնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր և իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։
Սկզբնական փուլում կադաստրային քարտեզները գեոպորտալում ներկայացվելու են պարբերական թարմացումներով, սակայն շուտով հնարավոր կլինի ապահովել նաև քատեզների դինամիկ թարմացում։
«Այս պահին գեոպորտալում ներառված 153 բնակավայրերի կադաստրային քարտեզները վարվում են առցանց ռեժիմով և ապահովում համակարգից ստացվող տվյալների թարմությունը։ Ինքնաշխատ եղանակով քարտեզագրական տեղեկատվություն ստանալու համար ազգային գեոպորտալը հետագայում հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–