Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ–ում մեկնաբանել է ձմեռային ամիսներին գազի թանկացման հավանականությունը։
«Կարող եմ ասել, որ ես կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի, ապագայի համար էլ պետք է շարունակենք բանակցել, այնպես անել, որպեսզի ընդհանրապես չլինի (գազի թանկացում, խմբգր.)», – նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով, մոտ ժամանակահատվածի համար իրատեսական է երեք բաղադրիչների մեջ գտնել մի տարբերակ, որպեսզի չհանգեցնի գազի գնի թանկացմանը։
Անդրադառնալով գազի չթանկացման հարցում Իրանի հետ համաձայնագրի դերակատարությանը` Գրիգորյանը նշել է. «Իհարկե, դա մեծ ամբողջություն է, որի մեջ այդ հարցը քննարկվում է, Իրանի հետ կա ՍՎՈՊ–ի գործարք, որը նշանակություն ունի գազի գնի հարցում»։
ՀՀ փոխվարչապետը նաև կոչ է արել չքաղաքականացնել գազի գնի հարցը։
«Ի վերջո, տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ հարցում, կարծում եմ, համագործակցությունը լրիվ բնականոն է», – ասել է ՀՀ փոխվարչապետը։
Նշենք, որ հիմա գործում է «Գազպրոմ էքսպորտ» («Գազպրոմ» հոլդինգի կառույց) և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև ստորագրված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի որոշվում է 2019թ.–ին գազի գինը Հայաստանի համար։ «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից Հայաստանի համար բարձրացրել է գազի գինը սահմանի վրա` հազար. խմ–ի դիմաց 150 դոլարից դարձնելով 165 դոլար։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ վարչապետը, չնայած դրան, Հայաստանում ներքին սակագները կմնան անփոփոխ։–0–