Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Նախօրեին Ֆրանսիայից ՀՀ են ժամանել 30 ընկերությունների ներկայացուցիչներ հայ գործընկերների հետ ներդրումային ծրագրեր քննարկելու համար

10.04.2024, 10:05
Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը
Նախօրեին Ֆրանսիայից ՀՀ են ժամանել 30 ընկերությունների ներկայացուցիչներ հայ գործընկերների հետ ներդրումային ծրագրեր քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վարչապետը ողջունել է ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել անձամբ տիկին Վասալի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև առկա է համագործակցության նոր շունչ ու մակարդակ, և այդ գործում իրենց ներդրումն ունեն նաև Ֆրանսիայի այն ռեգիոնները, որոնք Հայաստանի մարզերի հետ պահպանում են ամուր կապեր: 

Միաժամանակ, վարչապետն առանձնակի կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումն ու ամրապնդումը և այդ համատեքստում ընդգծել կառավարությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը: 

Մարտին Վասալն անդրադարձել է Հայաստանի հետ տնտեսության, առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը և դրանց ընդլայնման հնարավորություններին ու քայլերին: 

Մասնավորապես, Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այսօր Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումային ծրագրերի իրականացման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները:  

Նշվել է նաև, որ Մարսելում առաջիկայում բացվելու է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»: 

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը, զբոսաշրջային փոխայցելությունների խթանումը: 

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Այս առումով, կարևորվել է միջազգային գործընկերների կողմից աջակցության ծրագրերի իրականացումը: