Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Շուրջ 14մլն դոլար է ներդրվել «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար

19.12.2024, 10:20
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն ներդրել է շուրջ 14մլն դոլար «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար
Շուրջ 14մլն դոլար է ներդրվել «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն ներդրել է շուրջ 14մլն դոլար «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության մեջ՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրու «Շիրակ» օդանավակայան։

Նշվում է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր: Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:

Զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն երկու օդանավակայանների՝ Երևանի «Զվարթնոցի» և Գյումրիի «Շիրակի» կոնցեսիոն կառավարիչը 2001 թվականին Հայաստանի կառավարության հետ 30 տարի ժամկետով կնքված պայմանագրի համաձայն: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն սեփականատերն է արգենտինացի ձեռնարկատեր, Corporacion America-ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը։