Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Սպայկա» ՍՊԸ–ն հերքում է 7մլրդ դրամի հարկեր չվճարելու մեղադրանքները

05.04.2019, 18:11
«Սպայկա» ՍՊԸ–ի տնօրեն Դավիթ Ղազարյանը  հերքում է ՊԵԿ–ի կողմից առաջադրված մեղադրանքները, որոնք վերաբերում են 7մլրդ դրամի հարկեր չվճարելուն։
«Սպայկա» ՍՊԸ–ն հերքում է 7մլրդ դրամի հարկեր չվճարելու մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. «Սպայկա» ՍՊԸ–ի տնօրեն Դավիթ Ղազարյանն ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հերքում է ՊԵԿ–ի կողմից առաջադրված մեղադրանքները, որոնք վերաբերում են 7մլրդ դրամի հարկեր չվճարելուն։

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 7 036 666 312 ՀՀ դրամ (ավելի քան 14.4 մլն դոլար) հարկեր չվճարելու դեպք։ Պետական եկամուտների կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ` հարկեր և մաքսատուրքեր վճարելուց խուսափելու մեղադրանքով ։ 

Ղազարյանի խոսքով, այդ գումարն արհեստականորեն ուռճացվել է ՊԵԿ–ի կողմից։

«Դա արվել է հասարակական կարծիքը ՊԵԿ–ի կողմն ուղղելու համար», – ասաց Ղազարյանը։

Խոսելով չվճարված հարկի չափի մասին` տնօրենը հայտարարեց, որ այն ոչ մի կերպ կապված չէ ընկերության հետ, քանի որ հարկային պահանջներն ուղղված են այլ ընկերությանը` «Գրին պրոդուկտին», որն արհեստականորեն կապել են «Սպայկայի հետ», ինչը թույլ է տվել ՊԵԿ–ին հարկային պահանջներ ներկայացնել նաևՂազարյանին։

«Այդ 7 մլրդ թիվն ինչի՞ց է բաղկացած։ 5,5 մլրդն ավելացված արժեքի հարկն է, այդ ապրանքը եկել և գնացել է ԵԱՏՄ: Այս շինծու թիվը՝ 7 մլրդը, իրավաբանությանը չի համապատասխանում: Ապօրինաբար են «Գրին պրոդուկտը» բերել և կապել «Սպայկայի» հետ։ Քանի որ «Գրին պրոդուկտ»–ով վճարող չկա, դրա համար «Սպայկայի» հետ են փոխկապակցում, որ այդ գումարը կորզեն»,- ասաց նա` նշելով, որ պարբերաբար փորձել է հանդիպում կազմակերպել ՊԵԿ նախագահի հետ, սակայն չի հաջողվել:

Մնացած գումարի կապակցությամբ` Ղազարյանը նշեց, որ քննիչները դրսևորել են բացառիկ ունակություններ, և փաստաթղթերի վերլուծությունը, որը սովորաբար տևում է մի քանի ամիս, քննիչները կատարել են ընդամենը մի քանի օրում, ինչի արդյունքում էլ ստացվել է վերջնական գումարը։ 

Ղազարյանը նաև նշեց, որ անգամ իր կալանքի միջնորդությունը բավարարելու դեպքում` «Սպայկան» կշարունակի իր գործունեությունը բնական հունով։

Ղազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը նշանակված է այսօր` ապրիլի 5–ին։

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -0-