Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Մինչև 3 հեկտար տարածք մշակող գյուղացիների համար պարարտանյութի գները կսուբսիդավորվեն մինչև 50%. նախարար

03.03.2022, 13:13
Կառավարությունն հաստատեցհողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
Մինչև 3 հեկտար տարածք մշակող գյուղացիների համար պարարտանյութի գները կսուբսիդավորվեն մինչև 50%. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Կառավարությունն իր հերթական նիստի մեկնարկին հաստատեց Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս տարվա սկզբից պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են:

 «Դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ: Մենք բազմաթիվ քննարկումներ ունեցանք, խոսեցինք գյուղացիների հետ և որոշեցինք հանդես գալ իրենց աջակցության ծրագրով: Այսինքն մինչև 3 հեկտար տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 9 000 դրամը», – ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ 3 հեկտարի սահմանափակումը դրվել է, որպեսզի ավելի խոշոր հողօգտագործողները իրենց արտադրողականության հաշվին նվազեցնեն պարարտանյութի գնի ազդեցությունը վերջնական ապրանքի վրա:

«Աջակցության կարիք ունեն միայն փոքր ֆերմերային տնտեսությունները»,-ասաց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարը կոչ արեց գյուղացիներին առավելագույնս մշակել իրենց հողերը, քանի որ այս տարի պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր է սպասվում:

«Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ: Այն, ինչը 1-2 տարի առաջ այնքան էլ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու», – ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ այս ծրագրով արձագանքում են պարարտանյութերի շուկայի գնաճին:

«Վերջին երկու տարիներին գնաճային «երկրաշարժեր» են տեղի ունենում անընդհատ: Առաջինը քովիդն էր, երկրորդը` աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Այս առումով, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում», - ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ, եթե փորձենք լավատեսական բան գտնել, ապա այո, աճելու են գյուղատնտեսական արտադրանքների գները: Չմշակվող հողերից էլ շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ:

«Ամեն տարի գլոբալ տաքացման հետ կապված ջրի մատակարարման ավելի ու ավելի լուրջ խրնդիրներ ենք ունենում: Մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ, որ հնարավորինս արձագանքի այս հարցին, որովհետև ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք»,-ընդգծեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ ավանդական գյուղատնտեսությունը հեռանկար և ապագա այլևս չունի: Ջրի խնդիր կա, որը, վարչապետը մարզպետներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել:–0–