«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն անհեթեթ է համարել հարկեր չվճարելու մեղադրանքները
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել` անհեթեթ համարելով հարկեր չվճարելու մեղադրանքները։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության համաձայն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Մասնավորապես, գերատեսչության տվյալներով, ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ընկերությունում իրականացված հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստաց իսկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերի 17-ինստուգման տևողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, առանց ընկերության հետ քննարկելու կամ ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն:
««Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն տարիներ շարունակ լինելով Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկ վճարողը մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով ‹‹Օրինապահ հարկ վճարողի›› հավաստագրեր: ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված ‹‹համեմատական հետազոտությունները›› կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների», – նշվում է ««Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ–ի հաղորդագրության մեջ։
Ընկերությունից նաև նշում են, որ ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել ընկերության բնականոն գործունեությունը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ընթացքում որդեգրել է հրապարակային գործելաոճ, ընկերությունը միանգամայն ողջունում է նման մոտեցումը և հրավիրում է մամուլի ասուլիս: Միաժամանակ, նպատակ ունենալով զերծ մնալ նշված հրապարակմանն առնչվող հարցերի միակողմանի մեկնաբանությունից, ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն հրավիրում է նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին նշված ասուլիսին ներկա գտնվելու և իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար»,– նշվում է ընկերության հայտարարության մեջ։
ՊԵԿ քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առանձնապեսխոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թույլ տված չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու, ինչպես նաև բնական գազի սպառման ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:–0–