Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նոյեմբերին նվազել է` հասնելով 181,4 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումներով` միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի նոյեմբերին կազմել է 181 375 դրամ (379 դոլար կամ 24 411 ռուբլի), ինչը 0,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշից, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Միաժամանակ 2016թ.–ի հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 181 478 դրամ, ինչը գրեթե 0,1 տոկոսով պակաս է 2015թ.–ի հոկտեմբերի ցուցանիշից:
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի հոկտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 212,5 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 124,4 հազ. դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը հոկտեմբերին կազմել է մոտ 195 հազար դրամ։
Միաժամանակ հոկտեմբերին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում ` մոտ 381,7 հազար դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում` մոտ 374,9 հազ. դրամ, և հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում` 349,9 հազար դրամ։
Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 113,5 հազ. դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` մոտ 117,5 հազար դրամ, կրթության ոլորտը` 122,6 հազար դրամ, բնակության և հանրային սննդի ոլորտը` 127,4 հազար դրամ, ($1 – 484,71 դրամ)։ -0-