Հայկական էներգետիկայի ոլորտի ներդրումային և վարկային ծրագրերն առաջիկա տարիներին կկազմեն 850 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական էներգետիկայի ոլորտի ներդրումային և վարկային ծրագրերն առաջիկա տարիներին կկազմեն մոտ 850 մլն դոլար, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նրա խոսքով` իրականացվող ծրագրերից խոշորագույնը վերաբերում է հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետները մինչև 2027 թվական երկարացնելու աշխատանքներին։ Այդ նպատակով Ռուսաստանը հատկացրել է 300 մլն դոլար (270 մլն դոլարի վարկ` 15 տարի ժամկետով, տարեկան 3% տոկոսադրույքով և 30 մլն դոլարի դրամաշնորհ)։
Նախարարը նշեց, որ մնացած միջոցները տրամադրվել են այլ ֆինանսական կառույցների, մասնավորապես` Համաշխարհային բանկի, KfW գերմանական բանկի, Ասիական զարգացման բանկի կողմից։
Խոշոր նախագծերից նա առանձնացրեց 220կՎ լարմամբ ենթակայանի շինարարությունն ու «Հրազդանի ՋԷԿ–Շինուհայր» 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, «Հաղթանակ», «Չարենցավան–30, «Վանաձոր–1» (մոտ 50 մլն դոլար) ենթակայանների, Երևանի ՋԷԿ ենթակայանի (մոտ 68,6 մլն դոլար) կառուցումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրման նախագծի երկրորդ փուլի իրականացումը, «Ագարակ–2» և «Շինուհայր» (մոտ 50 մլն դոլար) ենթակայանների շինարարությունը։
Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակում նախատեսված ներդրումները կկազմեն 117 մլն դոլար, որից 8,6 մլն դոլարը տրամադրվում է դրամաշնորհի, մնացածը` վարկի տեսքով։–0–