Իրանի ներգրավվածությունը կավելացնի տարածաշրջանի տնտեսական գրավչությունը. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Իրանի ավելի ակտիվ միջազգային ներգրավվածությունը կարող է էապես ավելացնել տարածաշրջանի տնտեսական գրավչությունը, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուրբաթ Երևանում կազմակերպված Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի բացման ժամանակ։
Նրա խոսքով` համաժողովի շրջանակում քննարկումների համար կարևոր թեմաներից մեկը նվիրված է Իրանին և այն հեռանկարներին, որոնք բացվում են իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո։
«Այս պայմանավորվածությունը կարևոր է ոչ միայն կայունության և անվտանգության ամրապնդման տեսակետից, այն նաև ճանապարհ է հարթում փոխշահավետ տարածաշրջանային և միջազգային համագործակցության հաստատման համար։ Կցանկանայի նշել, որ այսօր մենք աշխատում ենք իրանցի գործընկերների հետ մի շարք հեռանկարային ուղղությունների շուրջ», – ընդգծեց նա։
Ըստ նախարարի` միջազգային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։
«Տարեսկզբից սկսելէ գործել Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում է Հայաստանը։ Մեր կարծիքով` ԵՏՄ–ի հիմքում ընկած չորս գործոնները` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատությունը, լրացուցիչ խթան են անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար։ Համաժողովի հատուկ բանավեճային հարթակը նվիրված է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին և XXI դարի տնտեսական դիվանագիտությանը», – ավելացրեց նա։
ՄՄՀՊԻ շրջանավարտների միջազգային երրորդ համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում: Համաժողովի ծրագրում, ինչպես նաև ՄՄՀՊԻ բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների ծրագրում կարմիր թելով անցնում են Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը և արևելյան հետազոտությունների զարգացման խնդիրները:
Համաժողովի շրջանակում նախատեսված են ՄՄՀՊԻ շրջանավարտների ելույթները հետևյալ թեմաներով` «Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը», «Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և XXI դարի տնտեսական դիվանագիտությունը», «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը», «Մերձավոր Արևելքի նոր իրադրությունը», «Բացվող Իրանը»:
Ամենամյա համաժողովը համալսարականների համար գլխավոր իրադարձություն է: Այն արդեն երրորդ անգամ է նույն հարթակում հավաքում ամբոջ աշխարհից ժամանած շրջանավարտներին` պետական ծառայողներին, առաջատար տնտեսագետներին, մշակույթի գործիչներին և բիզնես հանրության ներկայացուցիչներին: Համաժողովի կազմակերպիչներն են ՄՄՀՊԻ շրջանավարտների ասոցիացիան, ՄՄՀՊԻ շրջանավարտների հայկական ակումբը և ՄՄՀՊԻ զարգացման հիմնադրամը:-0-