Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կենսաթոշակային բարեփոխումները կնպաստեն կապիտալի շուկայի լիկվիդային գործիքների պահանջարկի ձևավորմանը. ՀՀ ԿԲ նախագահ

07.02.2014, 12:28
Կենսաթոշակային բարեփոխումները կնպաստեն կապիտալի շուկայի լիկվիդային գործիքների պահանջարկի ձևավորմանը, ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Կենսաթոշակային բարեփոխումները կնպաստեն կապիտալի շուկայի լիկվիդային գործիքների պահանջարկի ձևավորմանը. ՀՀ ԿԲ նախագահ
ԾԱՂԿԱՁՈՐ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կենսաթոշակային բարեփոխումները կնպաստեն կապիտալի շուկայի լիկվիդային գործիքների պահանջարկի ձևավորմանը, ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Այդ պատճառով պետք է կենտրոնանալ որակյալ էմիտենտների կապիտալի շուկայի և նոր գործիքների ներգրավման վրա, որոնք կենսաթոշակային ֆոնդերի ներդրման տեսանկյունից բավականին հուսալի և լիկվիդային կդառնան»,– ուրբաթ հայտնեց ԿԲ ղեկավարը Ծաղկաձորում անցկացվող «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում։

Ջավադյանը հիշեցրեց, որ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրագործման համար հրավիրվել են միջազգային առաջատար և հեղինակավոր կազմակերպություններ, որոնք, բացի իրենց փորձից, կառավարման նոր մշակույթ կբերեն ֆինանսական շուկայի նկատմամբ վստահության ամրապնդման հարցում։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Ջավադյանը նշեց նաև, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ ապահովվել է միջազգային ֆինանսական կառույցների` ՎԶԵԲ–ի և ՄՖԿ–ի մուտքը Հայաստանի կապիտալի շուկա։

«Բառացիորեն վերջին օրերին կայացել են դրամային պարտատոմսերի առաջին տեղաբաշխումները։ Մենք վստահ ենք, որ այդպիսի տեղաբաշխումները շարունակական բնույթ են կրելու։ Դրանք ստեղծում են որակյալ ներդրումային գործիքներ, բարենպաստ ներդրումային միջավայր, ինչն անհրաժեշտ է, հատկապես, կենսաթոշակային ֆոնդերի արդյունավետ կառավարման համար»,– ասաց նա։

ԿԲ ղեկավարն ավելացրեց, որ մյուս կողմից դրանք ճանապարհ են բացում այն ընկերությունների համար, որոնք կսկսեն դիտարկել կապիտալի շուկան որպես ներդրումների ներգրավման այլընտրանքային աղբյուր։
2014 թ.–ի հունվարի 31–ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը իրականացրել է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի թողարկում։ Ընդ որում, այն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է, որն իրականացրել է իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի միջոցով։ Բացի այդ, ՎԶԵԲ–ի ՀՀ դրամով լողացող տոկոսադրույքով պարտատոմսը նորարարական ֆինանսական գործիք է և կարող է դառնալ կարևոր իրացվելիության միջոց տարբեր ֆինանսական կառույցների համար։

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) 2013 թ.-ի  դեկտեմբերի 23-ին թողարկվել է 2 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսեր:

«Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովն անցկացվում է Ծաղկաձորում։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՎԶԵԲ տեղական արժութային շուկաների և կապիտալի շուկայի զարգացման բաժնի ղեկավար Անդրե Կուուսվեկուն, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, մի շարք հայկական բանկերի ղեկավարներ, համաշխարհային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչներ։ -0-