Փորձագետ. Հայաստանում Ամանորի նախաշեմին կրկին աճել են սպառողական գները
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ամանորյա տոներին ընդառաջ կրկին գրանցվել է սպառողական գների աճ, երեքշաբթի լրագրողներին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Հիմնականում Ամանորի նախաշեմին կտրուկ աճել են բանջարեղենի և էկզոտիկ մրգերի գները: Յուրաքանչյուր տարի մենք կոչ ենք անում սպառողներին տոնական գնումները նախօրոք անել` տոներից 10-15 օր առաջ, այդուհանդերձ, մեր մարդիկ սովոր են խանութներ «արշավի» գնալ տարվա վերջին օրերին», - ընդգծեց Չիլինգարյանը:
Նրա խոսքով, մանդարինի գները աճել են 400-600 դրամից մինչև 700-1000 դրամ: «Նույնը տեղի է ունեցել նաև բանանի, արքայախնձորի և այլ մրգերի հետ: Գների նման տատանումները մեզ համար ավանդական են դարձել», - ավելացրեց Չիլինգարյանը:
Նա ընդգծեց, որ գների անհիմն աճի հիմնական մեղքը տնտեսվարող սուբյեկտներինը և վաճառողներինն է, ովքեր ցանկանում են ավելի մեծ հասույթ ստանալ այն ապրանքների հաշվին, որոնք ավելի վաղ չեն կարողացել իրացնել:
Նրա խոսքով, նախորդ տարիների համեմատ, այս տարի Հայաստանում տարբեր խանութների գնորդների թիվը նվազել է: «Նախորդ տարիներին խանութներում հնարավոր չէր շարժվել, այս տարի դրանք համեմատաբար ազատ էին, հիմնականում մարդաշատ էին սուպերմարկետները: Այս ամենն առաջին հերթին վկայում է Հայաստանի բնակիչների վճարողունակության նվազման մասին, ինչպես նաև` արտագաղթի բարձր մակարդակի մասին», - ավելացրեց Չիլինգարյանը:–0–