ԱՄՆ–ն տուրքեր է սահմանում Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից մատակարարվող արտադրանքի վրա
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ վարչակազմը 25%-ի մաքսատուրքեր է սահմանում Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող գրեթե ամբողջ ապրանքների վրա, ինչպես նաև բարձրացնում է Չինաստանից ներմուծվող ապրանքների տուրքերը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Bloomberg գործակալությանը, մաքսատուրքերը կվերաբերեն տարեկան շուրջ 1,5 տրիլիոն դոլարի ներմուծված ապրանքների վրա։
25% մաքսատուրքերը չեն տարածվի կանադական էներգակիրների վրա, որոնց համար կգործեն 10%-անոց տուրքեր։ Վաշինգտոնից նշում են, որ այս բոլոր միջոցները ձեռնարկվում են թմրանյութերի և անօրինական միգրանտների անթույլատրելի քանակությամբ ներհոսքի պատճառով։
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հաստատել է, որ իր վարչակազմը սահմանում է մաքսատուրքեր կանադական և մեքսիկական արտադրանքի նկատմամբ։ Նա նաև ստորագրել է հրամանագիր, որով Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կրկնապատկվում են՝ 10%-ից դառնալով 20%։ Վաշինգտոնի պնդմամբ՝ Պեկինը բավարար միջոցներ չի ձեռնարկում ԱՄՆ մատակարարվող սինթետիկ օփիոիդ ֆենտանիլի մաքսանենգության դեմ պայքարելու համար։ Միաժամանակ, Թրամփը կարծիք է հայտնել, որ Չինաստանը «չի արձագանքի չափազանց կտրուկ» այս սահմանափակումներին։
2023 թվականին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնները հայտնել էին, որ ֆենտանիլի գերդոզավորման հետևանքով մահացության մակարդակը երկրում 2016-ից 2021 թվականներին գրեթե չորս անգամ աճել է։ Նշվում է, որ ԱՄՆ-ն բախվում է լայնածավալ օփիոիդային համաճարակի, որը տարեկան մոտ 100 հազար ամերիկացու կյանք է խլում։