Աշխատանքներ են տարվում հարկային քաղաքականության հայեցակարգի վրա․ ֆինանսների նախարար
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ներկայումս աշխատանքներ են տարվում հարկային քաղաքականության հայեցակարգի վրա: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս մենք կկարողանանք այն ներկայացնել հանրության և փորձագետների դատին: Հարկային օրենսգրքի ընդունումից ի վեր (խմբ.՝ 2017 թվականին) Հայաստանում տեղի են ունեցել էական փոփոխություններ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով, փոխվել է հարկեր վճարելու մշակույթը: Սա պետք է արտացոլվի Հարկային օրենսգրքում»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա խոստացել է, որ դա վերաբերելու է փոքր և միջին բիզնեսին:
«Կարիք կա պարզեցնելու և նվազեցնելու compliance ծախսերը փոքր ձեռնարկությունների համար, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց հիմնական գործառույթների վրա և ռեսուրսներ չծախսեն հարկային հաշվետվությունների վրա»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հարկային օրենսգիրքը «հակապետական» է: Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ վարչապետի դիտարկումը վերաբերում է նրան, որ մի շարք հարկային կարգավորումներ նպաստել են նրան, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ հարկեր չվճարեն: