Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Այն, որ հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում, բացառապես տեխնիկական հարց է․ եվրահանձնակատար

02.12.2025, 17:41
Հայաստանը դեռ անելիքներ ունի ԵՄ-ի ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալու համար, նշել է եվրահանձնակատարը
Այն, որ հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում, բացառապես տեխնիկական հարց է․ եվրահանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը վստահեցնում է՝ այն, որ հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում, բացառապես տեխնիկական հարց է, ոչ թե քաղաքական։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին ասել է Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն թարմացումներ Եվրամիության թռիչքային անվտանգության ցուցակի վերաբերյալ, որից բավականին երկար ժամանակ է, ինչ տուժում է Հայաստանը։ 

«Սա տեխնիկական գործընթաց է, ոչ թե քաղաքական: Այս հարցը Եվրոպական միության Թռիչքային անվտանգության կոմիտեի ձեռքերում է: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Քանի որ չի արվել այն ամենն, ինչ պետք է, որոշումը դեռ կայացված չէ: Այնպես որ, ևս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ (Twinning) գործընթացում, որն այնուհետև կֆինանսավորվի: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, որոնք փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր Կառավարությանն այս հարցում»,- ասել է Մարթա Կոսը:

Հայաստանը 2020 թվականից ընդգրկվել է Եվրոպայի ավիացիոն անվտանգության «սև ցուցակ»-ում։ Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության EASA-ի մասնագետները 2019 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում ավիացիոն անվտանգությանն առնչվող խնիդրներ էին հայտնաբերել, ինչից հետո էլ Հայաստանին «սև ցուցակ»-ում ընդգրկելու որոշում էր կայացվել։ 

2025 թվականի մարտին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալու հայտ է ուղարկել Եվրամիությանը և սպասում է արձագանքի։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ թերությունների ու խնդիրների մեծ մասը, որոնց պատճառով հայկական ավիաընկերությունները հայտնվել էին ԵՄ-ի «սև ցուցակ»-ում, վերացված են։