ԱԺ-ն ընդունել է եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցված օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Ուրբաթ կայացած արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն հաստատեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործումն է։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ պարզեցումը պայմանավորված է եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքում հայտնաբերված կազմակերպչական խնդիրներով։
«2023 թվականին էր ընդունվել օրենք, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիները, ֆիզիկական անձինք պետք է լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. դա ներդրվել էր փուլային եղանակով: Առաջին փուլում հայտարարագրերը ներկայացնում են պետական պաշտոնյաները և անհատ ձեռնարկատերերը, երկրորդ փուլում՝ վարձու աշխատողները, իսկ 2025 թ.-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիների այլ կատեգորիաները, ինչպես նաև ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք», - նշել է Թունյանը։
«Հիշեցնեմ, որ հայտարարագիրը լրացվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից ավտոմատ կերպով, և քաղաքացիները պետք է ստուգեն տեղեկատվության ճշգրտությունը։ Իրենց հայտարարագրերը հաստատած մոտ 140,000 քաղաքացիների մեծամասնությունը որևէ փոփոխություն չի կատարել. հայտարարագրողների միայն մոտ 20%-ն է ավելացրել մեկ կամ երկու բաղադրիչ՝ կապված ստացված վարկերի և փոխառությունների, ինչպես նաև ավանդներից ստացված եկամուտների հետ», - ասել է Թունյանը։
Ըստ նրա, օրենսդրական փոփոխությունները վերացնում են քաղաքացիների համար համակարգ մուտք գործելու պահանջը՝ տեղեկատվությունը ստուգելու համար, ինչը նշանակում է, որ նրանց հայտարարագրերը կհամարվեն ամբողջական և ներկայացված՝ ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա։
«Այսինքն, եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտը համապատասխանում է ՊԵԿ-ի կողմից կազմված հայտարարագրում նշված եկամուտներին, այլևս գործողություն կատարելու անհրաժեշտություն չի ունենա և հայտարարագիրը կհամարվի ամբողջական և ներկայացված։ Սա վերացնում է հայտարարագիրը չլրացնելու համար պատասխանատվությունը (տուգանքները)», - պարզաբանել է պատգամավորը։
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է կրթության և առողջապահության ոլորտներում եկամտային հարկի հաշվին փոխհատուցում ստանալու հնարավորությանը (սոցիալական կրեդիտների համակարգը), որը հասանելի կլինի միայն այն քաղաքացիներին, որոնք գոնե մուտք կգործեն համակարգ և կհաստատեն իրենց հայտարարագիրը։
Երրորդ փոփոխությամբ ՊԵԿ-ը քաղաքացիների համաձայնությամբ կկարողանա բանկերից ավտոմատ կերպով ստանալ անհրաժեշտ տվյալները, օրինակ, ավանդներից ստացված տոկոսային եկամուտների մասին։ Սա կվերացնի ձեռքով լրացման անհրաժեշտությունը՝ պահպանելով բանկային գաղտնիքը։
Չորրորդով հստակ սահմանվում է, որ ընտանիքի անդամների՝ ծնողների և երեխաների, ամուսինների, եղբայրների և քույրերի միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։
Իսկ հինգերորդ փոփոխությունը նախատեսում է, որ ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները նույնպես չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ»,- ասել է Թունյանը։
Օրենքով սահմանվում է, որ ընտանիքի անդամների՝ ծնողների և երեխաների, ամուսինների, եղբայրների և քույրերի միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։
Օրենքն ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 60, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։
Նշենք, որ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև նոյեմբերի 1-ը։