Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Բեռնափոխադրողները իշխանություններից պահանջում են լուծել ՌԴ-ում մնալու 90-օրյա սահմանափակման խնդիրը. ակցիա կառավարության շենքի դիմաց

13.10.2025, 15:27
Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց
Բեռնափոխադրողները իշխանություններից պահանջում են լուծել ՌԴ-ում մնալու 90-օրյա սահմանափակման խնդիրը. ակցիա կառավարության շենքի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Բեռնափոխադրողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծել ՌԴ–ում 90 օրից ավել մնալու հետ կապված խնդիրը։

«Մի ժամանակ ասում էին, որ այդ 90 օրը վարորդների վրա չի ազդում, մենք էլ հանգիստ էինք, բայց պարզվեց, որ մեր վրա էլ է ազդում», - նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշում են, որ ճանապարհների փակ լինելու պատճառով իրենք շատ շուտ են գերազանցում սահմանված օրը, որն էլ արդեն հանգեցնում է խնդիրների. «90 օրը քիչ ա, 10 ամսում այս 90 օրը վարորդները իրացնում են,. դա արդեն ազդելու է մեր տնտեսության վրա», - նշում են ակցիայի մասնակիցները։

Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում են այդ խնդրին լուծում տալ և օգտագործել մեղմացուցիչ հանգամանքներ, որպեսզի վարորդները կարողանան իրենց աշխատանքի շրջանակում անխոչընդոտ մուտք գործել Ռուսաստան։

ՌԴ-ում միգրացիայի մասին օրենքի նոր սահմանափակումների մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թ.-ի հունվարի 1-ից սկսած, ՌԴ մուտք գործող ոչ վիզային երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, կարող են ՌԴ-ում մնալ ոչ ավելի, քան 90 օր՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում (նախկինում՝ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում): Այս սահմանափակումը վերաբերում է բեռնատարների և ուղևորափոխադրողների վարորդներին, ինչպես նաև օդաչուներին, բորտուղեկցորդներին, ինքնաթիռների սպասարկման անձնակազմին, գնացքի վարորդներին և այլոց:

Այս կանոնակարգը խախտած օտարերկրացիները մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեին ՌԴ-ում իրենց բնակության կարգավիճակը լուծելու և վարչական տուգանքներից խուսափելու համար: Տուգանքները ներառում են մուտքի արգելք երեք տարով (թույլատրելի մնալու ժամկետը 90-180 օրով գերազանցելու համար), հինգ տարով (180-270 օրով գերազանցելու համար) և տասը տարով (270 օրով գերազանցելու համար):

Վերջին մեկ ամսվա ընթացքում խստացվել են վերահսկողությունները, որի արդյունքում տասնյակ ՀՀ քաղաքացի վարորդներ հայտնվել են խախտողների հատուկ գրանցամատյանում: