ԵՄ-ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացման և դիվերսիֆիկացման համար
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։
Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։
«Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ նկատի ունի Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց (խմբ․ նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը), Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է, ինչպես դուք նույնպես գիտեք»,- մանրամասնել է Կոսը։
Նա հավելել է, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին ընդհանուր կապակցվածության ապահովման համատեքստում խնդրել է ներկայացնել առաջնահերթ ծրագրերի ցանկ։
Մարթա Կոսը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել ՀՀ ՏԿԵ նախարարության կարողություններն ուժեղացնելու հարցում, որպեսզի այն կարողանա կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք վերաբերում են կապակցվածության ապահովմանը։
«Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» նախագծի նպատակն է ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում Հարավային Կովկասում՝ սինխրոնացնելով Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը: