Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ կստեղծվի

18.11.2025, 13:07
Հիմնարկի գործառույթների մեջ կներառվի երթևեկության կազմակերպման և կառավարման հետ կապված տարբեր նախագծերի իրականացումը
«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Առաջարկվում է ստեղծել համապատասխան ստորաբաժանում՝ համայնքային հիմնարկի տեսքով՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն», որի գործառույթների մեջ պետք է մտնի տարբեր միջոցառումների և պրոյեկտների իրականացումը՝ կապված երթևեկության կազմակերպման և կառավարման հետ։

Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Երևանում մեքենաների թվի շարունակական աճը, ինչպես նաև այլ հարակից հանգամանքներով պայմանավորված երթևեկության կառավարումը այսօր լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար։ Այս մարտահրավերին և այս ոլորտում առկա խնդիրներին պատշաճ հասցեագրելու համար անհրաժեշտ է ներդնել պատշաճ գործիքակազմ։ Մասնավորապես, մեր ժամանակներում այդ գործիքները, կամ գոնե դրանց զգալի մասը, թվային գործիքներ են տեխնոլոգիական ոլորտում։ Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել համապատասխան ստորաբաժանում՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը, - երեքշաբթի հայտարարել է Գրիգորյանը Երևանի ավագանու նիստում։

Նրա խոսքով՝ 2026 թ.-ի համար նախանշվել է 2 խոշոր ծրագիր՝ հանրային տրանսպորտի դիսպետչերիիզացիայի համակարգ և ընդհանուր երթևեկության կառավարում։

Հիմնարկի գործառույթների մեջ կներառվի երթևեկության կազմակերպման և կառավարման հետ կապված տարբեր նախագծերի իրականացումը։

«Հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվում են և շարունակում են իրականացվել համապարփակ բարեփոխումներ, որոնք արտահայտվում են թե՛ տոմսային համակարգի ներդրմամբ, թե՛ շարժակազմի շարունակական արդիականացման և նոր շարժակազմի ցիկլի ապահովմանն ուղղված սակագների վերանայմամբ, թե՛ GPS համակարգով, թե՛ տեսախցիկների տնտեսության համակարգով, և այս ամբողջին նաև, բնականաբար, տրամաբանորեն պետք է գումարվի պատշաճ հոսքերի և գրաֆիկների կազմակերպումը», - հայտնեց Գրիգորյանը։

2-րդ ծրագրով, ըստ փոխքաղաքապետի, նախատեսվում է լուծել խելացի լուսացույցերի, հոսքերի համապարփակ հաշվարկների ճշգրտությունը բարձրացնելուև այլ միջոցառումների իրականացման հարցերը։

«Բնականաբար, տեխնոլոգիական լուծումներին զուգընթաց այդ հաշվարկների ճշգրտությունը բարձրացնելու և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նման հիմնարկի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել»,-ասաց փոխքաղաքապետը։

 Կառավարման կենտրոնը կստեղծվի՝ հաշվի առնելով ֆրանսիական Ile-de-France-ի օրինակը , իսկ ծրագրի իրականացման համար կհատկացվի շուրջ 1200 քառակուսի մետր տարածքով շինություն։

Գրիգորյանը նաև հայտարարեց, որ «Երևանտրանս»-ի որոշ պարտականություններ կփոխանցվեն նոր ինստիտուտին, և որ «Երևանտրանս»-ը նախատեսվում է լուծարել։