Գալուզին. «Ռոսատոմը» պատրաստ է կարճ ժամկետում սկսել Հայաստանում ատոմակայանի շինարարությունը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ատոմակայանի կառուցումը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների օրակարգում բարձր տեղ է զբաղեցնում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
««Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար, հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։
Փոխնախարարի խոսքով, հուսալի, ապացուցված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության առումով իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման անհրաժեշտությունը։
Նախօրեին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ ամփոփելով Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Ավելի վաղ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանին առաջարկել էր համալիր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում:
Համագործակցությունը կարող է ներառել մեծ, միջին կամ փոքր հզորության ատոմակայանների կառուցում, ինչպես նաև ոչ միջուկային բնույթի նախագծեր, պարզաբանել են «Ռոսատոմում»:
Ատոմակայանի մոդելի ընտրության վերաբերյալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ նոր ատոմակայանը կլինի մոդուլային, սակայն վերջնական ընտրությունը կկատարվի 2026-2027 թվականներին։
Նախարարը հայտնել է, որ ատոմակայանի կառուցման հարցում առաջարկներ են եղել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի կողմից։
Հայկական կողմն արդեն իսկ ուսումնասիրում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։