Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի զբաղվածության պետական գործակալությունը հունվար–փետրվարին աշխատանքի է տեղավորել շուրջ 1400 մարդու

02.04.2015, 17:55
2015 թվականի հունվար–փետրվարին Հայաստանի զբաղվածության պետական գործակալության օժանդակությամբ աշխատանքի է տեղավորվել 1399 մարդ, նրանցից 914-ը` կանայք, 1168–ը` աշխատանքի շուկայում անմրցունակ մարդիկ, հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը։
Հայաստանի զբաղվածության պետական գործակալությունը հունվար–փետրվարին աշխատանքի է տեղավորել շուրջ 1400 մարդու
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2015 թվականի հունվար–փետրվարին Հայաստանի զբաղվածության պետական գործակալության օժանդակությամբ աշխատանքի է տեղավորվել 1399 մարդ, նրանցից 914-ը` կանայք, 1168–ը` աշխատանքի շուկայում անմրցունակ մարդիկ, հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը։

«Փետրվարին գործակալություն է ստացվել թափուր տեղերի 2079 հայտ»,– ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսում։

Պետրոսյանի խոսքով` 2014 թվականին աշխատանքի է տեղավորվել շուրջ 11 հազար մարդ։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում զբաղվածության շուկայի կարգավորմանը 2015 թվականին պետբյուջեից հատկացվել է մոտ 2.4 մլրդ դրամ, իրականացվում են մի շարք ծրագրեր։ Պետրոսյանը, մասնավորապես, նշեց «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով ֆերմերային տնտեսությունների օժանդակության ցուցաբերում» ծրագիրը։

«Այս տարի ենթադրվում է իրականացնել ավելի քան 3 հազար նախագիծ այդ ընդհանուր ծրագրի շրջանակում։ Արդեն ստացվել է ավելի քան 12000 հայտ։ 2015 թվականի ծրագրի իրագործումը սկսվել է ապրիլի 1–ին»,– ասաց Պետրոսյանը, ավելացնելով, որ մեկ նախագծի արժեքը տատանվում է 150-350 հազար դրամի սահմաններում։

Աշխատանքի շուկայում առավել պահանջված են բարձրագույն կրթությամբ անձինք` բժիշկներ, տնտեսագետներ, ինժեներներ, հաշվապահներ, դասախոսներ, դաստիարակներ, մենեջերներ։ Մասնագիտական կրթության ոլորտում պահանջված են բուժքույրերը, դիզայներները, մատուցողները, խոհարարները, վարսահարդարները, համակարգչային օպերատորները։

Հայաստանում գործազուրկների թիվն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել է 69,7 հազար կամ աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թվի 91,2 տոկոսը։  Գործազուրկների թվի ցուցանիշն աճել է 21.2 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` 2014 թ.–ին գործազրկությունը կազմել է 17,6 տոկոս` 2013 թվականի համեմատ ավելանալով 1.4 տ.կ.–ով։ -0-