Հայաստանի գյուղնախարարը ամերիկացի փորձագետների հետ քննարկել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պայքարը
08.12.2014,
18:09
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երկուշաբթի ամերիկացի փորձագետների հետ քննարկել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի հարցեր, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երկուշաբթի ամերիկացի փորձագետների հետ քննարկել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի հարցեր, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակության կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան և ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը:
« Հանդիպման նպատակն էր Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումը», - ասված է հաղորդագրությունում։
Ամերիկացի մասնագետները, հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը, պատրաստակամություն են հայտնել առավել խորը ուսումնասիրություններ իրականացնել հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության ուղղությամբ:
«Հայաստանում շատ կարևոր է այդ հիվանդության կանխարգելման արդյունավետ միջոցների կիրառումը, և մենք մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել ամերիկացի փորձագետներին իրավիճակի առավել ստույգ գնահատման գործում», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:
Հյուրերը տեղեկացրեցին, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսված են հանդիպումներ անասնաբուժության ոլորտի պատասխանատուների հետ, այցելություններ անասնապահական տնտեսություններ, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել երկօրյա սեմինար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ֆերմերների միջև կապն առավել սերտացնելու համար:--0--