Հայաստանը երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց. Փաշինյանը՝ ղազախական ցորենի մասին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով ներկրված ցորենի որակի հետ կապված քննարկումներին:
Նա պատասխանեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ առ այն, որ շրջանառվում են դավադրապաշտական տեսություններ՝ կապված ՀՀ ցորենի ներկրման հետ։
«Տեսություններից մեկն էլ այն է, որ իբր ՀՀ-ն պատրաստվում է ցորեն գնել Ուկրաինայից, ընդ որում, կրկնակի թանկ գնով։ Դրա պատճառն այն է, որ ՀՀ-ն այդ տարբերակով ցանկանում է կտրվել ՌԴ-ից, իսկ բարձր գինը փոխհատուցվելու է Եվրոպայից ստացված ֆինանսավորման հաշվին։ Պեսկովն այս հարցին անդրադառնալով, ըստ էության չի հերքել և ասել, որ որպես կանոն, արտաքին հետախուզական ծառայությունները մերկապարանոց չեն լինում»,- հարցադրումն ուղղելով Փաշինյանին՝ ասաց Թունյանը։
«Ցանկացած ցորեն շուկայական ապրանք է: Կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ... ութսուներորդ տեսակի ապրանք: Դա ունի գին և լոգիստիկա: Նոր ճանապարհով X ապրանքն Ա կետից եկել, հասել է Բ կետ: Նախ այդ գնումը կառավարությունը չի իրականացրել, իրականացրել է մասնավորն իր կարիքների համար: Գնացել է շուկա, ապրանք է առել: Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերել է այդ ճանապարհով: Այս ի՞նչ թեմա է՝ 6-րդ կարգի է, թե 7-րդ: Ուզում է 1260-րդ սորտի լինի, մարդը գնացել, իր փողը տվել է, դա բյուջեի փողը չէ, ապրանք է առել, պետք է բերեր դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով: Ո՞րն է խնդիրը, ուզում եմ հասկանալ»,-զարմանք հայտնեց Փաշինյանը:
Նա պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ-ն երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց, բայց ՀՀ-ն նաև կդիտարկի, թե շուկայում էլ ինչ կա։
«Բացառված է, եթե մեկը մեզ ցորեն առաջարկի, մենք ականջներս փակենք, այս պահին այլ առաջարկներ էլ կան»,-ասաց Փաշինյանը։
Հայաստան ցորենի ներմուծման վերաբերյալ
Նոյեմբերի 5-ի երեկոյան ՀՀ-ի Այրումի երկաթուղային կայարան է ժամանել ռուսական հացահատիկ տեղափոխող գնացք, որն անցել էր Ադրբեջանով և Վրաստանով։ Այս երթուղին առաջին անգամ է օգտագործվում 1990-ականների սկզբից ի վեր։
Նոյեմբերի 7-ին Հայաստան է ժամանել ղազախական ցորեն տեղափոխող գնացք, որն անցել էր Ղազախստանով, Ռուսաստանով, Ադրբեջանով և Վրաստանով։ Գնացքը տեղափոխում էր մոտ 1000 տոննա ցորեն։
Սա հացահատիկի երկրորդ խմբաքանակն է, որը ներմուծվում է Հայաստան Ադրբեջանի միջոցով այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 21-ին վերացրեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։