Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայաստանը հայտարարում է Հայաստանի Հարավային Երկաթուղու և Արագընթաց Ճանապարհի ծրագրերի մեկնարկի մասին

18.01.2013, 15:30
Չինաստանը և Ռուսաստանը համագործակցելու են Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղու զարգացման գործում, որը հանդիսանում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի էական պակասող օղակներից մեկը, ասվում է «Ռասիա» ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Չինաստանը և Ռուսաստանը համագործակցելու են Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղու զարգացման գործում, որը հանդիսանում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի էական պակասող օղակներից մեկը, ասվում է «Ռասիա» ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար պարոն Գագիկ Բեգլարյանը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հայտարարեց 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ծրագրերի մեկնարկի մասին այսօր տեղի ունեցած շնորհանդեսի, ստորագրման արարողության և հրապարակային հայտարարության ժամանակ, որին ներկա էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, ներդրումային և ինքնիշխան հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև կորպորացիաների ղեկավարներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Պարսկաստանից: Նաև ստորագրվեց Հայաստանի hարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ Փոխըմբռնման հուշագիր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա» ՖԶԷ ընկերության միջև:

Ակնկալվում է, որ Հայաստանի Հարավային Երկաթուղին լինելու է 316 կմ երկարությամբ էլեկտրաէներգիայով գործող մեկուղանի երկաթուղի, որն ընթանալու է Սևանա լճի մոտ գտնվող Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում և միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Ակնկալվում է, որ Հայաստանի Հարավային Արագընթաց Ճանապարհը լինելու է 110կմ երկարությամբ մայրուղի, որը ընթանալու է Սիսիան քաղաքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում:

Երկու ծրագրերն էլ կազմելու են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս, որն առանցքային դեր է խաղալու տարածաշրջանում միջանցքի երկայնքով տրանսպորտային հաղորդակցության բարելավման և տնտեսական աճի ապահովման հարցում և կազմելու է Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին: Ծրագրերի ավարտվելուն պես ակնկալվում է տարածաշրջանի համար տրանսպորտային ծախսերի և ժամանակի առումով զգալի բարելավում, ինչը կնպաստի առևտրի խթանմանը և տնտեսական աճին տարածաշրջանում, միաժամանակ էապես ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը»:

Հայաստանի Հանրապետությունը 2012թ. կոնցեսիոն պայմանագրեր է կնքել Դուբայում հիմնադրված «Ռասիա» ներդրումային ընկերություն հետ կենսական նշանակություն ունեցող այս երկու տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ՝ մտադիր լինելով զարգացնել դրանք պետական-մասնավոր գործընկերության հիման վրա: Կոնցեսիաների պայմանները նախատեսում են կոնկրետ ժամկետներ իրագործելիության ուսումնասիրությունների իրականացման, ճարտարագիտական նախագծերի մշակման, ծրագրային ֆինանսավորման և կառուցումն ավարտելու համար և դրանց հաջորդում է 30-ամյա շահագործման ժամանակահատվածը, որը կարող է երկարաձգվել «Ռասիա» ընկերության կողմից ևս 20 տարով: Ի թիվս այլ առավելությունների, կոնցեսիայի պայմանները «Ռասիա» ընկերությանն իրավունք են շնորհում ազատորեն սահմանել բեռնափոխադրումների սակագները և ճանապարհային վճարները, միաժամանակ պաշտպանություն ապահովելով մրցակից նախագծերից:

«Ռասիա» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին նշեց, որ «հանդիսանալով «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, այս ծրագրերը տարածաշրջանի նկատմամբ զգալի հետաքրքրություն են առաջացրել ռազմավարական և ֆինանսական գործընկերների մոտ, որոնք ակնկալում են մասնակցել դրանց»:

«Ռասիա» ընկերությունն արդեն իրականացնում է ծրագրերի իրագործելիության ուսումնասիրությանը, նախագծմանը, ֆինանսավորմանը, կառուցապատմանը և շահագործմանն ուղղված լայնածավալ գործունեություն, որը հիմնված է կոնսորցիում կազմավորելու ռազմավարություն վրա:

Որպես այդ ռազմավարության էական քայլ, «Ռասիա» ընկերությունը վերջերս բարեհաջող բանակցել է և շրջանակային և առևտրային պայմանագրեր է ստորագրել «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որը հանդիսանում է երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների և նավահանգիստների կառուցմամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից մեկը, և կդառնա երկաթուղային և ճանապարհային ծրագրերի կառուցապատման կոնսորցիումի առաջատար անդամ: Նախարարության և «Ռասիա» ընկերության միջև 2012թ. նոյեմբերի կեսերին համաձայնեցված
տեխնիկական առաջադրանքների հիման վրա իրագործելիության ուսումնասիրությունների աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են 2012թ. դեկտեմբերի 31-ին:

Միջանցքը շրջապատող տարածաշրջանը զգալի բնական պաշարներ ունի և, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը, մի շարք երկրներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել դրա նկատմամբ:

Բորկովսկին նշեց, որ «Ռասիա» ընկերությունը և նրա կոնսորցիումի անդամները ձգտելու են շեշտակի ավելացնել Միջանցքի ուղղությամբ հնարավոր տեղական և միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների ծավալները` առաջին հերթին Միջանցքի երկայնքով հանքարդյունահանման և գյուղատնտեսական ծրագրերի մշակման մեջ ներդրումների հաշվին: «Ռասիա» ընկերությունն արդեն գտնվում է Չինաստանի պետական ձեռնարկությունների հետ բանակցությունների նախնական փուլում Հայաստանի Հանրապետությունում Միջանցքի երկայնքով հանքարդյունաբերության և գյուղատնտեսական ծրագրերում հնարավոր համատեղ ներդրումների շուրջ, ինչը կնպաստի երկաթուղային և ճանապարհային ծրագրերի տնտեսական գրավչության աճին: Լրացուցիչ ջանքեր կգործադրվեն այն երկրները և ընկերությունները ներգրավելու համար, որոնք շահագրգռված են Միջանցքի գործողությամբ, այդ թվում Ռուսաստանը, Պարսկաստանը, Հնդկաստանը և Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդին («ԾՀԽ») անդամակցող երկրները` տարածաշրջանում առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով»:

«Ռասիա» ընկերությունը նաև համագործակցության մասին համաձայնագիր է կնքել բնական պաշարների ոլորտում գլոբալ ներդրումային «Հայահ Ռիսորսիզ» խմբի հետ, որը գործում է ՄԱԷ գործարար Ն.Գ. Ռաշիդ Ալ Մալիկի նախագահությամբ և որի թիկունքում են կանգնած են ԾՀԽ երկրների գերբարձր սեփական կապիտալ ունեցող ընտանիքները. այդ ներդրումային խումբը կկենտրոնանա Միջանցքի երկայնքով հանքարդյունահանման ծրագրերում ներդրումների և երկաթուղու և արագընթաց ճանապարհի ծրագրերի զարգացման վրա:

Ծրագրերի իրականացումը արդեն իսկ նշանավորվել է կուռ տարածաշրջանային համագործակցությամբ: Երեք փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան նախարարությունների միջև` Հայաստանի և Իրանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կառուցելու վերաբերյալ: «Ռասիա» ընկերությունը վերջերս ներգրավվել է համապատասխան նախարարությունների հետ բանակցությունների մեջ՝ նոր եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու վերաբերյալ, որը կմիավորի երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու ջանքերը:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն պարոն Վիկտոր Ռեբեցը, որը ստորագրել է եռակողմ Փոխըմբռնման հուշագիրը ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա» ՖԶԷ ընկերության հետ, իր հայտարարության մեջ նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության երկաթուղու կոնցեսիոն
կառավարումը` համաձայն «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲ ընկերության և ՀՀ կառավարության միջև 2008թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի:

2008 թվականից մինչև 2012 թվականը ընկած ժամանակահատվածում «ՀԿԵ» ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 90 մլրդ. դրամ, որոնք հատկացվել են «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲ ընկերության կողմից: Նշված միջոցների հաշվին իրականացվել է երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտների, առաջին հերթին, ճանապարհային և կայանային տնտեսության, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, կապի, կենտրոնացման և արգելափակման համակարգերի վերականգնման լայնածավալ ծրագիր:

Այդ ընթացքում ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում վերանորոգվեց ավելի քան 300 կմ գիծ, տեխնոլոգիական նշանակության ավելի քան 160 օբյեկտ, 33 արհեստական կառույց, 130 կմ կոնտակտային ցանց, ավելի քան 140 կմ էլեկտրահաղորդման գիծ: Միայն 2012 թվականին շահագործման հանձնվեցին 1898 թվականին կառուցված միանգամից 3 խոշոր երկաթուղային կամուրջներ` Զամանլուի կամուրջը, Սատանի կամուրջը և Քոբեր-Թումանյան վազուրդում գտնվող
կամուրջը: 4 տարում վերականգնված ենթակառուցվածքը հզոր ներուժ է ձեռք բերել փոխադրումների զգալի ծավալներ իրականացնելու համար:

Հայաստանի երկաթուղային ցանցի ընդլայնումը, տնտեսական շրջանառության մեջ հանքահումքային բազայի ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և պետական բյուջե փոխանցվող հարկային վճարումների աճը հանդիսանում են Հանրապետության կայուն տնտեսական աճի գործոնները և
փոխադրումների ծավալների ավելացման գրավականը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը նաև բավարար հնարավորություններ ունի նոր երկաթուղային հատվածի շահագործման համար` մեր կողմից ստեղծվել է ջերմաքարշերի և վագոնային պարկի տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար հզոր բազա, ներդրվել են
փոխադրումների գործընթացի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտապես բարձրանում է անձնակազմի որակավորումը:

Հայաստանում Երկաթուղու հարավային հատվածի շինարարությունը, Պարսկաստանի երկաթուղային ցանցին միանալը նոր միջազգային տրանսպորտային միջանցք կձևավորի, որը կկապի Սևծովյան տարածաշրջանի երկրները Պարսից ծոցի երկրների և Հնդկաստանի հետ:

«Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերություն» ՍՊ ընկերությունը («ՉՀՇԸ») հանդիսանում է աշխարհի խոշորագույն շինարարական ընկերություններից և միջազգային գլխավոր կապալառուներից մեկը, որը տեղակայված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և մասնագիտանում է հատակագծման և նախագծման, ծրագրերի մշակման,սարքավորումների գնումների, առևտրի, շինարարության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում: ՉՀՇԸ-ն հանդիսանում է ամբողջ աշխարհով մեկ երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների և նավահանգիստների կառուցմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն («ՀԿԵ») հանդիսանում է «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲ ընկերության 100% դուստր ընկերությունը և ապահովում է Հայաստանի գործող երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: «Հայկական երկաթուղի» ՓԲ ընկերությունը հանձնվել է ՀԿԵ կոնցեսիոն կառավարմանը 2008թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրով: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ներկայումս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հանդիսանում է Երկաթուղիների միջազգային
միության (UIC), Երկաթուղային տրանսպորտի միջազգային կոմիտեի (CIT), Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՀԿ) անդամը` ասոցացված ձեռնարկության կարգավիճակով:

«Ռասիա» ՖԶԷ ընկերությունը(«Ռասիա») և «Ռասիա Գրուփ» ընկերությունը,«Ռասիա Մենեջմենթ» ՍՊԸ, «Սաութրն Արմենիա Ռեյլուեյ Փրայվիթ Լթդ.» և «Սաութրն Արմենիա Հայ Սփիդ Փրայվիթ Լթդ.» ընկերությունները հանդիսանում են «Ռասիա» ներդրումային և ներդրումների կառավարման ընկերությունների խմբի անդամներ, որոնք հիմնված են Դուբայում, ՄԱԷ, Սինգապուրում, Հայաստանում և Կայմանյան կղզիներում: «Ռասիան» զբաղվում է ուղղակի հիմնական ներդրումներով
և ներդրումների կառավարմամբ գերազանցապես հանքարդյունաբերության և ռազմավարական ենթակառուցվածքի ոլորտներում:-0-